ՀՀ-ին և Ադրբեջանին հաշտեցնելով՝ Թրամփը փորձում է ավելի արժանի դառնալ Նոբելյան մրցանակին. Հարութ Սասունյան
05 Օգոստոսի 2025, 22:30
Նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նշվում էր, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հայտարարելու են խաղաղություն հաստատելու մտադրության մասին։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ:
«Ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա այդ մասին՝ ո՛չ Ադրբեջանից, ո՛չ էլ Հայաստանից: Սակայն մի շարք երկրների ներկայացուցիչներ այս մասին խոսում են, և ինձ թվում է՝ ուրբաթ օրը նման հանդիպում լինելու է Վաշինգտոնում: Տվյալները հետևյալն են՝ առաջին անգամ այս մասին հայտնեց ադրբեջանցի մի լրագրող, որը Վաշինգտոնում է ապրում: Հաջորդը լուրը, որ ստացանք, այն էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին և, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեղեկացրել, որ նման հանդիպում է սպասվում: Այնուհետև ՀՀ-ի վարչապետի խոսնակն ասաց, որ ո՛չ կարող են հաստատել, ո՛չ էլ ժխտել, և նման հանդիպման դեպքում պաշտոնական հայտարարություն կանեն։
Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի հետ առնչվող լուրերը մենք ստանում ենք դրսից՝ կա՛մ Ադրբեջանից, կա՛մ Թուրքիայից, կա՛մ այլ տեղերից։ Այնուամենայնիվ ինձ թվում է, որ հանդիպումը տեղի ունենա, և ինչպես ամերիկացիներն են ասում, եթե ծուխ կա, ուրեմն, կրակ էլ կա»,- նշել է Սասունյանը:
Հարցին, թե ինչ կշահի Միացյալ Նահանգները՝ վերահսկողություն սահմանելով «Զանգեզուրի միջանցք»-ի նկատմամբ, նա նշել է.
«Ամերիկայի շահը առաջին հերթին Պարսկաստանին նեղ իրավիճակում դնելն է: 2-րդը առևտուրն է Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա և Եվրոպայից Ամերիկա: Այս ամենից բացի մի անձնական հարց էլ կա: Թրամփը ամիսներ ի վեր խոսում է, որ ինքն արժանի է Նոբելյան մրցանակի, և չի կարողանում ընդունել, որ ոմանք ստացել են այն, իսկ ինքը՝ ոչ: Գրեթե ամեն շաբաթ նա ասում է, որ մի քանի պատերազմներ է կասեցրել, և այս կերպ Թրամփը փորձում է ևս մեկ խաղաղություն արձանագրել։ Նա կարծում է՝ եթե խաղաղություն հաստատվի, ինքն ավելի արժանի կլինի խաղաղության մրցանակին»: