Խորհրդային ավիացիայի լեգենդ Արտեմ Միկոյանի պատմությունը

05 Օգոստոսի 2025, 22:00

Հայեր

Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը (իրական անունը՝ Անուշավան Հովհաննեսի Միկոյան) ծնվել է 1905թ. օգոստոսի 5-ին (հին տոմարով հուլիսի 23) Սանահին գյուղում: Նախնական կրթությունը ստացել է գյուղական դպրոցում (երկու դասարան)։ Հոր մահից հետո, մայրն Անուշավանին ուղարկել է Թիֆլիս։ Այստեղ նա կրթությունը շարունակել է տեղի հայկական դպրոցում։

Թիֆլիսում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Դոնի Ռոստով՝ ապրելու ավագ եղբոր՝ Անաստասի հետ: Ցերեկները որպես խառատ է աշխատել գյուղատնտեսական մեքենաների «Красный Аксай» գործարանում, իսկ երեկոները հաճախել է ՊՏՈՒ֊ի երեկոյան դպրոցը։ 1924 թվականինի տեղափոխվել է Մոսկվա, որտեղ նորից որպես խառատ աշխատանքի է անցել «Դինամո» գործարանում։

1928 թվականից ծառայել է Կարմիր բանակում, որից հետո Միկոյանը ուսումնառության է ուղարկվել Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա, որն ավարտել է 1937 թվականին և դարձել ռազմական ինժեներ-մեխանիկ։ Ավիացիոն գործարանում ծառայելուց և Պոլիկարպովի բյուրոյում աշխատելուց հետո Միկոյանը 1939 թվականին գլխավորել է փորձակոնստրուկտորական բաժինը, այնուհետև դարձել է КБ-1-ի պետ։

Միկոյանի կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները։ Պատերազմից հետո ստեղծվել են լեգենդար ՄԻԳ-15, Միգ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄԻԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31 ինքնաթիռները:

1947 թվականին հայտնվել է ՄԻԳ-15-ը՝ պատմության մեջ ամենատարածված ռեակտիվ կործանիչը, որը արտադրվել է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանում, մասնակցել է Կորեական պատերազմին և շահագործվել է ավելի քան 40 երկրի ռազմաօդային ուժերում։ 1955 թվականին շահագործվել է ՄԻԳ-19-ը՝ առաջին սերիական գերձայնային կործանիչը, որին հաջորդել է ՄԻԳ-21-ը՝ եռանկյուն թևով, ՄԻԳ-23-ը՝ փոփոխական թևի երկրաչափությամբ և ռեկորդային ՄԻԳ-25-ը, որը հասել է ավելի քան 3000 կմ/ժ արագության։ Զուգահեռ աշխատանքներ են տարվել թևավոր հրթիռների ստեղծման ուղղությամբ։

Միկոյանն տեխնիկական հոտառություն ուներ և հավատում էր, որ ավիացիան սահմաններ չունի. այն պետք է հասնի հիպերձայնային արագություններին և նվաճի տիեզերական տարածությունը:

Իր վաստակի համար Արտեմ Միկոյանն արժանացել է բազմաթիվ պարգևների: Նա դարձել է Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան վեց մրցանակների դափնեկիր, Լենինի շքանշանի և պետական այլ բարձր պարգևների ասպետ: Նրա ներդրումը ավիացիայի զարգացման գործում գնահատվել է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև նրա սահմաններից դուրս։

Արտեմ Միկոյանը կյանքից հեռացել է 1970 թվականի դեկտեմբերի 9-ին՝ սրտի վիրահատության ժամանակ: Նրա ժառանգությունը շարունակում է ապրել ավիացիայի պատմության մեջ՝ որպես համարձակ ինժեներական մտածողության, նորարարության և անհնարինին ձգտելու օրինակ: