ՀՀ պաշտոնյաները սոցիալական ցանցերի ցինիկ քարոզիչներ են. Վիրահայոց թեմի առաջնորդ
06 Օգոստոսի 2025, 11:25
Հայաստանի իշխանությունները սոցիալական ցանցերում վերածվել են ստոր ու ցինիկ քարոզիչների և ամեն օր դա ապացուցում են իրենց հրապարակային գրառումներով: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս Եպիսկոպոս Դավթյանն՝ աջակցություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին:
«Ո՛չ պետական կարգավիճակը, ո՛չ պատասխանատվությունը, ո՛չ երկրի հեղինակությունը նրանց չեն սթափեցնում։
Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայ ժողովուրդը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով ամենայն հայոց կաթողիկոսին, որի ՀՀ քաղաքացու անձնագրում ևս նշված է Գարեգին Բ Ներսիսյան:
Մինչդեռ ներկայիս չարամիտ իշխանությունները, խոսելով ժողովրդի ընտրյալ և օծյալ կաթողիկոսի մասին, գրում են Կտրիճ անունը։ Այդ անուն-ազգանունով քաղաքացին, որին դիմում են ոչ կոռեկտ ձևով, Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի:
Այս իշխանությունների մեջ հնարավոր չէ տեսնել պետական մտածողության և վարքի գծեր։ Նրանք ամեն օր, իրենց կամայականությամբ, խախտում ու ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ, իշխանատենչ ցանկությունները ներկայացնում որպես իրականություն՝ մոլորեցնելով մարդկանց։ Սա կոչվում է մանիպուլյացիա, որը բռնակալության դատապարտելի դրսևորում է։
Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է զգոն լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին և չարագործություններին և աղոթքով մերժի սատանային և նրա չար պաշտոնյաներին»,- նշել է Վիրահայոց թեմի առաջնորդը: