Իտալիայում անցկացվող միջազգային փառատոնում հայկական մշակույթը ներկայացվում է արցախյան երգերով
08 Օգոստոսի 2025, 10:00
2025 թ. հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 16-ը Իտալիայում անցկացվում է միջազգային ֆոլկլորային փառատոն, որին մասնակցում են նաև «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության ներքո գործող արվեստի համույթները:

Մինչ այս պահը փառատոնի շրջանակում անցկացվել են մի շարք հիշարժան միջոցառումներ, այդ թվում՝ Սուրբ Պատարագ՝ Santa Scolastica եկեղեցում, շքերթ՝ պատմական Old Town-ի փողոցներում, Miss և Mister Festival մրցույթ, ճանաչողական այց՝ Իզոլա դել Լիրի քաղաք՝ իր միջնադարյան կենտրոնով և եզակի քաղաքային ջրվեժով:

Հայկական մշակույթը փառատոնում ներկայացվում է արցախյան երգերով, ազգային պարերով ու ավանդական տարազներով՝ ջերմ ընդունելություն գտնելով թե՛ հանդիսատեսի, թե՛ տարբեր երկրների պատվիրակությունների կողմից։

Այս փառատոնը ոչ միայն գեղարվեստական տոն է, այլև մշակութային երկխոսության, ժողովուրդների բարեկամության և ազգային ինքնության պահպանման յուրահատուկ հարթակ։

