Որևէ պայմանագրի ստորագրումը կլինի Հայաստանի վերջը. Արթուր Խաչիկյան

07 Օգոստոսի 2025, 20:08

Կարծիք | Քաղաքականություն

Օգոստոսի 7-8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև կլինի եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Reuters-ը գրում է, որ Հայաստանը նախատեսում է երկար ժամանակով Միացյալ Նահանգներին տրամադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»-ը և Միացյալ Նահանգներն իր հերթին տրամադրելու է այդ տարածքը մեկ այլ՝ ենթադրաբար որևէ պահնորդական կամ վերահսկող ծառայության։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ:

«Որևէ պայմանագրի ստորագրումը կլինի Հայաստանի վերջը։ Այս մասին մենք զգուշացնում էինք մի քանի տարի շարունակ, որ մեր մեջքի հետևում բանակցություններ են տեղի ունենալու և ՀՀ-ին ստիպելու են Զանգեզուրը զիջել: Սա նշանակում է, որ մենք դառնում ենք գաղութ։ 99 տարով տարածք զիջելը վերջին անգամ, երևի, եղել է 19-րդ դարի վերջում, երբ որ գաղութներ էին ստեղծվում։ Որևէ կասկած չունենաք, որ այդ ընկերությունը շատ շուտ կհայտնվի Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերում՝ Իսրայելի օգնությամբ, դրանից հետո մենք ընդհանրապես չենք տեսնի ո՛չ Մեղրին, ո՛չ էլ Զանգեզուրը:

Դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանը կներխուժեն Սյունիք, կսկսեն շինարարական, արդյունաբերական պրոյեկտներ, և դրանից հետո մենք երբևիցե Սյունիք չենք տեսնի։ Մենք Մեղրի կգնանք այն ժամանակ, երբ որ գնանք Վան, Էրզրում, Զեյթուն, Սասուն և Ստեփանակերտ։ Բայց դա ընդհանրապես մեր ժողովրդին չի հետաքրքրում»,- նշել է Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանը կորցնելու դեպքում Հայաստանը որևէ ռազմական օգնություն չի կարողանա ստանալ ո՛չ Իրանից, ո՛չ Ռուսաստանից, և ՀՀ-ն կմնա անպաշտպան և անզեն՝ շրջապատված թուրքերով։

«Իրանը չի գնա առճակատման Իսրայելի, Միացյալ Նահանգների, Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և ոչ էլ Ռուսաստանը, քանի որ վերջինս պայքարում է 30 երկրի հետ։ Երբ 3 տարի առաջ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ես շատ հստակ ասացի՝ Ադրբեջանն օգտագործելու է սա և հարձակվելու է Արցախի վրա, դրանից հետո՝ Սյունիքի վրա։ Ես չգիտեմ ինչ իմաստ ունի այլևս խոսել այս հարցի վերաբերյալ, եթե մեր ժողովուրդն ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, նրանց դա հետաքրքիր չէ»,- եզրափակել է Խաչիկյանը: