Մոտ ապագայում ՌԴ-ն ու Իրանը կարող են ԱՄՆ-ի դեմ ռևանշի գնալ Հայաստանի տարածքում. միջազգայնագետ

08 Օգոստոսի 2025, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանի հիմնական նպատակը մեր տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը թուլացնելն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին:

«Ադրբեջանի հիմնական նպատակը առաջին հերթին նրանում է, որ թուլացնի Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը մեր տարածաշրջանում, և վերջին հակասությունները շատ հստակ փաստում են դրա մասին: Բացի այդ, մեկ այլ գլխավոր նպատակ է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը բացվի, բայց չգտնվի Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Ադրբեջանն ի սկզբանե համաձայնել է, որ օրինակ, ռուսական ՖՍԲ-ն (Федеральня служба безопасности) այնտեղ վերահսկողություն իրականացնի, բայց հետագայում այդ մտքից հրաժարվեց, քանի որ Արցախի հարցը լուծվեց:

Արցախն այսօր ամբողջությամբ օկուպացված է, և այլևս Ռուսաստանի միջնորդության կարիքն Ադրբեջանը չունի: Դրա համար, փորձելով իր արտաքին քաղաքականության մեջ պահպանել բալանսը, Ադրբեջանը համաձայնել է, որ Միացյալ Նահանգների զորքերն այնտեղ լինեն»,- նշել է Հովհաննիսյանը:

Խոսելով այս հարցի շուրջ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշման մասին՝ միջազգայնագետն ընդգծել է.

«Արդյոք ՌԴ-ն ցանկանում է՝ Միացյալ Նահանգների զորքերը, որի հետ ինքը մրցակցության մեջ է, հաստատվեն Հայաստանում, ըստ էության, Հյուսիսային Կովկասի մոտ։ Կարծում եմ՝ դրանով հետաքրքրված չեն ռուսները, նույն էլ վերաբերում է Իրանին: Իրանը վերջերս Միացյալ Նահանգների կողմից ռմբակոծության ենթարկվեց, և այդ լարված հարաբերությունները շարունակվում են տասնյակ տարիներ: Հիմա Իրանը հետաքրքրվա՞ծ է, որ իր սահմանին կից Միացյալ Նահանգների ներկայացուցիչները լինեն: Ըստ էության, մենք ստանում ենք մի իրականություն, որտեղ Ռուսաստանին և Իրանին հակասող քայլեր ենք իրականացնում: Եվ այս ամենն այն պետությունների նկատմամբ, որոնց հետ շատ մտերիմ տնտեսական, անվտանգային կապեր ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում