Մենք չենք մտել դետալների մեջ․ Փաշինյանը՝ «Թրամփի ուղի»-ով անցնող ադրբեջանցիների տվյալներին հասանելիության մասին

09 Օգոստոսի 2025, 09:11

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ չի պատասխանում՝ տեխնիկապես ինչպես է իրականացվելու Ադրբեջանի հիմնական մասի ուղևորափոխադրումը դեպի Նախիջևան և արդյոք հայ սահմանապահները հասանելիություն կունենան ադրբեջանցիների տվյալներին, թե ոչ։

«Ես այս հարցին կպատասխանեմ՝ մեջբերելով հռչակագրի 3–րդ կետը։ «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։

Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,– ասվում է հռչակագրում։

Այսինքն մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ, իսկ գլոբալ հարցերը համաձայնեցրել ենք և ստորագրել»,– ասաց Փաշինյանը։

Հիմա եթերում