Ադրբեջանը հարմար առիթի դեպքում կհարվածի Ռուսաստանին. Կիրիլ Կաբանով
14 Օգոստոսի 2025, 22:45
Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես Մոսկվան պետք է պատասխանի Ադրբեջանի հակառուսական գործողություններին:
Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ են պատասխան միջոցներ Բաքվի հակառուսական քայլերին։
«Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ադրբեջանը չի գնացել Ռուսաստանի հետ ինտեգրվելու ճանապարհով, նա դա արել է միայն նրա համար, որ տնտեսական տեսանկյունից իր շահեկան դիրքերը պահպանի, Ռուսաստանից փող աշխատի։ Դրա համար ստեղծվել են բոլոր պայմանները դեռ մեծ երկրի փլուզումից առաջ, դրանք ստեղծվել են Ալիևի կողմից, երբ նա ստեղծում էր, այսպես կոչված, ադրբեջանական էլիտան բիզնեսում։ Ադրբեջանը չի գնացել Ռուսաստանի հետ ինտեգրման, հարաբերությունների ուժեղացման ճանապարհով, նա գնացել է Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ուժեղացման ճանապարհով, բայց հիմնական գործընկերներն, իհարկե, եղել և մնում են Մեծ Բրիտանիան և Թուրքիան», — ասել է Կաբանովը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ևս պահը բաց չի թողնում օգնելու ՌԴ-ի թշնամիներին։
«Մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չի կարելի անվանել բարեկամական, եղբայրական, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել։ Բանն այն է, որ այս երկիրը, ղեկավարության որոշմամբ, պահպանում էր լռություն Ռուսաստանի նկատմամբ, սակայն աջակցություն էր ցուցաբերում հենց Ուկրաինային։ Եվ դա նման է Թուրքիայի դիրքորոշմանը։ Մի կողմից, նրանք ասում են, որ մենք ընկերներ ենք, մենք հիանալի հարաբերություններ ունենք, բայց միևնույն ժամանակ գումար են վաստակում և օգնում մեր թշնամիներին բոլոր հնարավոր տարբերակներով», — ասել է Կաբանովը։
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն այն պետությունն է, որը հարմար առիթի դեպքում կհարվածի Ռուսաստանին: