ԱՄՆ-ում հռչակագիր ստորագրելով՝ Հայաստանը ստորագրեց իր պարտությունը․ Միխայիլ Թիլման

15 Օգոստոսի 2025, 21:45

Կարծիք | Քաղաքականություն

ԱՄՆ-ում քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Միխայիլ Թիլմանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ալյասկայում, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները։

Փորձագետի կարծիքով՝ Թրամփի համար կարևոր է մեդիա տիրույթում նշանակալի քայլ կատարել, իսկ Պուտինի համար՝ փոխանցել Ռուսաստանի դիրքորոշումը։

«Թրամփի և Պուտինի հանդիպման նպատակներն, իհարկե, տարբեր են։ Թրամփի նպատակն է նշանակալի քայլ կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի, կամ ավելի ճիշտ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև զինված հակամարտության դադարեցման, ավարտի ճանապարհին։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ քայլն իրականում նշանակալի լինի, բավական է, որ այն նշանակալի լինի մեդիա տիրությում։ Իսկ այս կամ այն ձևով կրակի դադարեցումը Թրամփի համար իդեալական ելք կլիներ։

Ռուսական կողմի նպատակները մի փոքր այլ են։ Եվ մեկ նպատակ արդեն իրականացված է. այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը ժամանում է Ալյասկա և կհանդիպի Թրամփի հետ, ապա՝ պատվիրակության կազմում, արդեն նշանակում է, որ Ռուսաստանը մեկուսացման մեջ չէ։ Իհարկե, նա մեկուսացման մեջ չի էլ եղել, բայց Արևմուտքը բոյկոտում էր։ Սա շատ կարևոր պահ է Ռուսաստանի համար։ Երկրորդ հերթին, իհարկե, Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա անձամբ ԱՄՆ նախագահին փոխանցել Ռուսաստանի դիրքորոշումը, Ռուսաստանի մտահոգությունները, քննարկել նրա հետ այն պատճառները, թե ինչու է առաջացել այս հակամարտությունը, և այդ ժամանակ, հնարավոր է, իսկապես դրական տեղաշարժեր լինեն այս հակամարտության լուծման հարցում»,- ասել է Թիլմանը։

Փորձագետի կարծիքով՝ հանդիպումից ակնկալիքները չափազանցված են։

«Երբ բանակցություններն ավարտվեն, շատերը մի փոքր հիասթափված կլինեն։ Ինչո՞ւ, որովհետև ես չեմ տեսնում, թե ինչպես նրանք կարող են հասնել կրակի անվերապահ դադարեցմանը: Այսինքն՝ Ռուսաստանի համար դրան համաձայնելու իմաստ չկա, քանի որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարձակվում են, ճակատը դանդաղ առաջ է շարժվում դեպի Արևմուտք։ Եթե դու հաղթում ես, ի՞նչ իմաստ ունի համաձայնել զինադադարի։ Իսկ երկրորդ, և ամենակարևորը, Ռուսաստանի Դաշնությունը չի կարող իրեն թույլ տալ գնալ զինադադարի, քանի որ դա կնշանակի հետաձգված հակամարտություն։ Այսինքն, այլ կերպ ասած, մարտական գործողությունները կվերսկսվեն, բայց որոշ ժամանակ անց»,- նշել է Թիլմանը։

Քաղաքագետի խոսքով՝ Թրամփի և Պուտինի բանակցություններում քայլեր կձեռնարկվեն Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

«Ամենահավանականը, որ տեղի կունենա բանակցությունների ավարտին, այն է, որ նրանք դուրս կգան և բոլորին կասեն, որ դա շատ արդյունավետ, շատ օգտակար զրույց էր, մենք փոխըմբռնման նոր քայլ ենք արել։ Իսկ մարտական գործողությունները, ես գրեթե համոզված եմ, կշարունակվեն։ Հնարավոր է, նրանք սկսեն քննարկել, օրինակ, մասնակի զինադադարի հարցը: Չնայած ես կասկածում եմ: Բայց այն, ինչ իրականում կքննարկեն, իհարկե, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումն է։ Նրանք դժվար թե համաձայնության գան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ թռիչքները վերսկսելու շուրջ, բայց ես վստահ եմ, որ կարգավորման ուղղությամբ որոշ քայլեր կձեռնարկեն, և դրանք էական քայլեր կլինեն»,- նշել է նա:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով հաղորդակցությունները, որոնց շուրջ վերջերս Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կարող են լինել Թրամփ-Պուտին հանդիպման քննարկման թեմաներից մեկը։

«Ուկրաինական թեման հայտարարված է որպես հիմնական, քանի որ այն այսօր հիմնականն է ամբողջ համաշխարհային օրակարգում, դա մոլորակի վրա ընթացիկ բոլոր պատերազմներից ամենամեծամասշտաբն է, դրանում ներգրավված են շատ խոշոր տերություններ, բայց, իհարկե, կան նաև շատ այլ թեմաներ, որոնք անպայման կքննարկեն նախագահները։ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել այդ թեմաներից մեկը։ Այն հռչակագիրը, որը ստորագրել են Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի ներկայությամբ, իրականում հիմնականում մեդիա բնույթ է կրում, քան բովանդակային։ Իսկ Ադրբեջանին դա անհրաժեշտ էր, որպեսզի ինչ-որ կերպ ամրագրել Հայաստանի պարտությունը։

Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ եթե դա պարզապես մեդիա երևույթ է, միևնույն է, դա բացասական երևույթ է Հայաստանի համար։ Ստորագրելով այս հռչակագիրը՝ Հայաստանը ստորագրում է մի փաստաթուղթ, որը ներկա պահին իրավաբանորեն ամրագրում է Հայաստանի պարտությունն Ադրբեջանի հետ հակամարտությունում։ Հետևաբար, Հայաստանն այս դեպքում պարտված կողմ է։ Եվ եթե իսկապես իրականացվեն «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության պլանները, ապա, բնականաբար, դա կլինի Հայաստանի ինքնիշխանության մասնակի կորուստ»,- եզրափակել է Թիլմանը:

Հիմա եթերում