Կեղծ խաղաղությունը արդարացնելու համար Փաշինյանն ու Ալիևն անցնում են շանտաժի. Մետաքսե Հակոբյան
19 Օգոստոսի 2025, 20:30
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Փաշինյանի՝ Արցախի հարցը խաղաղության պայմանագրով վերջնական փակելու հայտարարությունը անընդունելի է համարում:
«Փաշինյանի ուղերձի բոլոր թեզերը մտացածին ու կեղծ են: Դրանք երկու անձի պայմանավորվածություններ են: Իրենք իրենց պատկերացումներով որոշել են մեր իրավունքների սահմանը, նպատակներն ու ցանկությունները, այդպես չի լինում, որովհետև մարդու բնական իրավունքն է ապրել այնտեղ, որտեղ ծնվել է: Իրենք, որպեսզի արդարացնեն իրենց հնարած կեղծ խաղաղությունը, բնական է, որ պետք է այսպիսի թեզեր հորինեն և անցնեն շանտաժի, որ եթե դու գնաս քո իրավունքի հետևից, քեզ հալածելու ու դատապարտելու ենք: Փաշինյանի ասածն արցախցիների մասին չէր, միգուցե դրանք թշնամի երկրին տրված իր խոստումներն էին: Այս իրավիճակում չի կարող խոսք գնալ խաղաղության մասին, դրա մասին խոսելը դիլետանտություն է: Որովհետև եթե 150 000 ժողովուրդ բռնի տեղահանվել է ու հիմա գտնվում է հայրենիքի մյուս հատվածում ու հնարավորություն չունի այցելել իր նախնիների շիրիմներին, ապա դու չես կարող խաղաղության մասին խոսել, որովհետև դրա հիմքում արդարություն չկա»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը:
Արցախցի գործիչը նշեց, որ ՀՀ իշխանության քայլերից կարելի է ենթադրել, որ նրանք ցանկություն չունեն արցախցիներին պահել Հայաստանում:
«Չկա արցախցի, չկա Արցախի հարց: Այն մարդիկ, որոնք կորոշեն ապրել Հայաստանում, պետք է Արցախի անունը չտան, չպետք է նպատակներ ու ցանկություններ ունենան, հակառակ դեպքում կենթարկվեն հալածանքների: Այսպիսինն է իրենց քաղաքականությունը, այն խոստումները, որ այսօր կան ապագայի համար, մենք ամեն օր հողի վրա տեսնում ենք, որ իրատեսական չեն: Հնարավոր չէ, որ այս իշխանությունները տան այնպիսի հնարավորություններ, որ արցախցիները կարողանան ապրել ու արարել Հայաստանում»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը օգոստոսի 18-ին ժողովրդին ուղերձ էր հղել, որում փաստացի հաստատել էր, որ խաղաղության պայմանագրով վերջնական փակել է Արցախի հարցը:
Ըստ Փաշինյանի՝ արցախցիները Հայաստանի և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։