Հայաստանը Ռուսաստանի հետ չհամագործակցելու տարբերակ չունի. Անդրեյ Պերլա
22 Օգոստոսի 2025, 21:15
Քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պերլան Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպմանը։
Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրային կապերի խզման մասին խոսակցությունն անիմաստ է, քանի որ դա երբեք չի կարող լինել։
«Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին, ապա Ռուսաստանում իսկապես կան շատ մարդիկ, որոնք ցանկություն ունեն ասելու՝ եթե նրանք չեն ուզում մեզ հետ համագործակցել, թող ինքնուրույն գործեն։ Բայց եթե նայենք տեղի ունեցածին փորձագիտական տեսանկյունից, կտեսնենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չհամագործակցելու տարբերակ չունի։ Հայաստանի առևտրային շրջանառությունը 80%-ով կազմված է Ռուսաստանի Դաշնության հետ կապերից, դա ՀՀ համախառն ներքին արդյունքի կեսից ավելին է։
Անհնար է պատկերացնել, որ Հայաստանը հրաժարվի այդ առևտրային շրջանառությունից։ Հայաստանը չի կարող այն փոխարինել ո՛չ Եվրոպայի, ո՛չ Իրանի հետ առևտրով, ո՛չ առավել ևս հիպոթետիկ ապագայում Թուրքիայի հետ առևտրով։ Հետևաբար, խոսակցությունն այն մասին, թե հնարավոր է արդյոք ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրային կապերի խզում, անիմաստ է, քանի որ դա երբեք տեղի չի ունենա։ Դրանով է պայմանավորված Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի, շատ մտերիմ հարաբերությունների վերականգնումը։ Միգուցե, Փաշինյանը գիտակցության կգա, իսկ միգուցե նրա փոխարեն ձևավորվի շատ ավելի ռացիոնալ կառավարություն, քան այսօր է»,- ասել է Պերլան։