Բռնցքամարտիկ Անդրեյ Փեհլիվանյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն

25 Օգոստոսի 2025, 23:38

Սպորտ

Սոչիից բռնցքամարտիկ Անդրեյ Փեհլիվանյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն տղամարդկանց մինչև 57 կգ քաշային կարգում և նվաճել ոսկի բռնցքամարտի 34-րդ առաջնությունում։ Առաջնությունն անցկացվել է Եկատերինբուրգում։ Մրցաշարը նվիրված էր մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակին, ինչպես նաև՝ Հայրենիքի պաշտպանի տարվան և Մեծ հաղթանակի 80-ամյակին։

Սա նրա երկրորդ հաղթանակն է բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունում։ 57 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում Փեհլիվանյանը (Կրասնոդարի երկրամաս, Հարավային դաշնային օկրուգ) հանդիպել է Էդուարդ Սավինի (Սանկտ Պետերբուրգ) հետ։ Մենամարտի արդյունքը Փեհլիվանյանի վստահ հաղթանակն էր 5: 0 հաշվով: Բռնցքամարտիկի անձնական մարզիչը Հրանտ Վարվաշտյանն է։

«Սա մեր երրորդ հանդիպումն էր մրցաշարում։ Առաջին ռաունդում ես ջանքեր գործադրեցի, իմ ողջ ուժը թողեցի այնտեղ, երկրորդ և երրորդ ռաունդներում զիջում էի, բայց ճիշտ պահին ուժ գտա։ Այս հաղթանակը նախևառաջ նվիրում եմ մարզչիս, այնուհետև՝ հարազատներիս։ Այնպես, ինչպես իմ մարզիչն է ինձ հավատում, ինձ ոչ ոք չի հավատում»,- կիսվել է Փեհլիվանյանը։

Ուրալյան ռինգում ավելի քան 60 տարածաշրջաններից երեք հարյուրից ավելի լավագույն մարզիկներ պայքարում էին տիտղոսների և Ռուսաստանի հավաքականի կազմում տեղի համար։

Հիմա եթերում