Մոսկվան ասում է՝ չի՛ կարելի ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց պատասխանատու դարձնել ՌԴ-ին. փորձագետ
17 Հուլիսի 2023, 17:10
Բրյուսելում հուլիսի 15-ին տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումն արդյունավետ չէր: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:
«Մի շարք պատճառներ կան, թե ինչու բրյուսելյան հանդիպումը արդյունքներ չունեցավ: Իհարկե, սա կապված է Բաքվի ապակառուցողականության հետ, որը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք իրենց դերը խաղացին:
Թուրքիայի ընտրություններից հետո թուրքական գործոնը նոր դերակատարում է ստացել. «Թուրքիան այսօր հակառուսական եւ պրոարեւմտյան գիծ է սկսել վարել եւ սա չի կարող իր ազդեցությունը չունենալ»,-շեշտում է Մխիթարյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը, եթե ընտրական պրոցեսների շրջանում աջակցում էր Էրդողանին եւ որեւէ ակտիվ քայլ չէր անում, ապա այսօր ակտիվանում է, քանի որ այստեղ նաեւ Թուրքիային պատասխանելու խնդիր կա:
«Մայիսին բրյուսելյան հանդիպմանը Ադրբեջանն ազատ էր, նրան կաշկանդող բան չկար, բնականաբար, հիմա արդեն Էրդողանից հստակ մեսիջներ կան, հիմա Բաքուն դեպի ռուսական կողմ թեքվելու քաղաքանություն է ցույց տալիս՝ հաշվի առնելով իր շահերը: Այս գործոնների համախումբն ազդեց, որ Բրյուսելում արդյունք չունեցանք»,- ասաց Հերմինե Մխիթարյանը:
Փորձագետի խոսքով՝ երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը Արցախում ստեղծված հումանիտար աղետին հստակ գնահատական չի տրվել, փոխարենը, Եվրոպական խորհրդի նախագահը կարեւորել է Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով Ստեփանակերտ մարդասիրական մատակարարումներ ապահովել:
«Ստացվում է՝ Ադրբեջանը ցաղասպան քաղաքականություն է իրականացնում աշխարհի աչքի առաջ, որին ոչ միայն պատշաճ գնահատական չի տրվում, այլեւ իրենց թեզերը՝ Աղդամով մարդասիրական բեռնափոխադրումներ կատարելու վերաբերյալ, կրկնվում, տարածվում են: Սա ընկալելի չէ, սա խոսում է Հայաստանի բացակայության մասին»,- նշեց Մխիթարյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությանը, որն արվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանն ընդառաջ, փորձագետը նշեց, որ դա ուղերձ էր ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլեւ միջնորդի դեր ստանձնած Միացյալ Արեւմուտքին:
Մոսկվան, ի դեպ, պատրաստակամություն էր հայտնել կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի Մոսկվայում ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը՝ վերոնշյալ փաստաթղթի ստորագրման համար։
«Սա բացահայտ արհամարհանք էր այն ամենին, ինչ արվում էր բրյուսելյան ձեւաչափում: Այսինքն՝ դուք քննարկում եք, խոսում եք խաղաղության պայմանագիր ստորգարելու մասին, բայց միեւնույն է՝ հիմնարար փաստաթղթերը մեր միջնորդությամբ են ձեռք բերվել եւ մենք պատրաստ ենք այդ հարթակը տրամադրել, որ այստեղ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայամանգիրը»,- բացատրեց Մխիթարյանը:
Ի տարբերություն Միացյալ Արեւմուտքի, փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը չի համարում, որ արցախյան խնդիր չկա, հակառակը՝ բարձրաձայնում է Արցախի բնակչության իրավունքների, անտվագության հարցերի մասին, որոնք նրանց ընկալմամբ՝ պետք է լինեն խաղաղության պայմանագրի հիմքում:
«Պետք է ընդունել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կարգավորման համապարփակ պայմանագիր չէ, դա հրադադարի փաստաթուղթ է, որը կարգավորման որոշակի տարրեր էր պարունակում, բայց նման փխրուն իրադրության պայմաններում, երբ Հայաստանը հայտարարություն է անում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ, եւս մեկ քար է նետում ոչ այնքան կայուն իրավիճակի վրա, եւ Ադրբեջանն իրավիճակից օգտվելով, օրինակ՝ անցակետ է տեղադրում, ինչը հակառակ է այն տրամաբանությանը, որը կար 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում:
Ռուսաստանն այս ձեւով ասում է, որ չի՛ կարելի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, բայց պատասխանատու դարձնել ռուսական կողմին: Իհարկե, իրականում նրա պատասխանատվության բաժինը կա, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանինը, այլ ՄԱԿ-ի անդամ ցանկացած երկրի, քանի որ հիմա Ցեղասպանություն է իրականացվում 120 000 հայ բնակչության նկատմամբ»,- եզրափակեց Մխիթարյանը: