Դա Էրդողանի քթին կտտոց էր. Ալեքսանդր Ցինկերը՝ Նեթանյահուի հայտարարության մասին

28 Օգոստոսի 2025, 21:00

Քաղաքականություն

Եվրասիական հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակնարկը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման անհրաժեշտության մասին:

Փորձագետի խոսքով՝ Նեթանյահուն պահն օգտագործել է Էրդողանին Թուրքիայի ամենացավոտ հարցի՝ Հայոց ցեղասպանության մասին հիշեցնելու համար:

«Անկեղծ ասած, ես շատ զարմացած եմ այն հետաքրքրությունից և ուշադրությունից, որ Իսրայելի, Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների լրատվամիջոցները ցուցաբերեցին այս արտահայտության նկատմամբ՝ բավականին անհասկանալի և անկազմակերպ։ Մեզ մոտ արդեն երկու տարի է՝ պատերազմ է ընթանում, այդ պատճառով այդ հարցերը հիմա չեն բարձրացվում։ Եվ երբ նրան հարց տվեցին, նա պետք է ինչ-որ բան պատասխաներ, բայց նա ակնհայտորեն պատրաստ չէր դրան: Չեմ կարծում, որ սա մտածված ռազմավարություն էր, որը պատրաստել էր վարչապետ Նեթանյահուն այս հարցազրույցի համար, քանի որ այն բոլորովին այլ թեմաների շուրջ էր: Բայց դա Էրդողանի քթին «կտտոց» էր։ Մինչ Գազայի հատվածում պատերազմ է ընթանում, Թուրքիան դարձել է Իսրայելի դեմ պայքարի ղեկավարը, առաջ է քաշում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Իսրայելի մասնակցությունն արգելելու և իսրայելական նավերի նավահանգիստները փակելու նախաձեռնություններ»,-ասել է Ցինկերը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի առաջնահերթությունների շարքում չէ։

«Հիմա Հարավային Կովկասում իրավիճակ է փոխվում. ստորագրվել է դեռ ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ առնվազն նախնական, որը պետք է վերածվի խաղաղության պայմանագրի։ Դրա հետ կապված փոխվում են հարաբերությունները երկրների միջև, և Իսրայելը պետք է ավելի հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասում։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, ինչու Իսրայելին ավելի մեծ ուշադրություն չդարձնել Հայաստանի հետ կապերի ընդլայնմանը: Եթե խոսենք Իսրայելի առաջնահերթությունների մասին, ապա Հայոց ցեղասպանության ճանաչումը ամենակարևոր հարցերի շարքում չէ», — նշել է Ցինկերը։

Ինչ վերաբերում է Ալիևի ակնարկին՝ Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման անհրաժեշտության մասին, ըստ քաղաքագետի, Ալիևի՝ ռուսական բազան հեռացնելու գաղափարները դժվար թե կյանքի կոչվեն:

Հիմա եթերում