Գլենդելում կբացվի նոր հայկական դպրոց

18 Հուլիսի 2023, 09:17

Կրթություն

Գլենդելի Fairview avenue-ում ավարտին են մոտենում Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմին պատկանող Նարինյան դպրոցի կառուցապատման աշխատանքները։ Դպրոցում կսովորեն մինչեւ 5-րդ դասարան, կգործի նաեւ նախակրթարան։

Այստեղ ամեն ինչ անում են, որ սեպտեմբերին դպրոցը բացի դռները։

Կրթօջախի տնօրեն Արփի Ավանեսյանը Alpha News-ի հետ զրույցում ասաց՝ Գլենդելի հայության մոտ կրթօջախի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, քանի որ Գլենդելում ընդամենը 2 հայկական դպրոց կա։

Վերջին շրջանում Գլենդելի հանրային դպրոցներում տարվող սեռային քարոզչության առիթով ծնողների մոտ մտահոգություն էր առաջացել, ինչը բողոքի ակցիաների առիթ դարձավ։ Ավանեսյանը շեշտում է՝ հայկական դպրոցներում, այդ թվում՝ շուտով բացվելիք Նարինյանում, նման խնդիր չի լինի։

Նրա խոսքով՝ երեխաները սովորելու են հայոց լեզու, մաթեմատիկա, հայ եկեղեցու պատմություն եւ այլ առարկաներ, իսկ մնացյալ հարցերով պետք է ծնողը զբաղվի։
Տնօրենի խոսքով՝ հայկական եւս մեկ դպրոց ունենալը կարեւոր քայլ է եւ համայնքի անդամներին անտարբեր չի թողել։

Արդեն մեկնարկել է ուսուցիչների ընդունելության փուլը։ Տնօրենը վստահեցնումէ՝ այստեղ տիրելու է հայկական մթնոլորտ, իշխելու է հայոց լեզուն եւ մշակույթը։