ANCA-ն դատապարտել է ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարումը և կոչ արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Բաքվին
02 Սեպտեմբերի 2025, 18:30
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և կոչ արել ԱՄՆ ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումների համար:
ANCA-ում նախազգուշացրել են, որ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման մասին որոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում արդար, կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման գործում բազմակողմ դիվանագիտական փոխգործակցությունից հետընթաց է ներկայացնում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ թե խաղաղության քայլ է, այլ Ադրբեջանի կողմից պարտադրված պայման՝ միակողմանի համաձայնության հասնելու համար, որը ձեռք է բերվել հարկադրանքի և ուժի կիրառման միջոցով: Այս վտանգավոր նախադեպը խրախուսում է Ադրբեջանի էթնիկ զտումը Արցախում, հայ բանտարկյալների ապօրինի ազատազրկումն ու խոշտանգումը, ինչպես նաև հայկական ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիան, ինչը խարխլում է միջազգային իրավունքի և դիվանագիտության բուն սկզբունքները, որոնք ժամանակին մարմնավորել է Մինսկի գործընթացը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
«Ավելի քան երբևէ կարևոր է, որ ԱՄՆ ղեկավարությունը ապահովի Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների կիրառումը և միջազգային գործընկերների միավորումը Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության կառուցման համար՝ հիմնված պատասխանատվության և արդարության վրա։ Խոսքը բնիկ հայ բնակչության անվտանգ վերադարձի ապահովման, Ադրբեջանի կողմից հայ կալանավորների անհապաղ ազատ արձակման, հայկական մշակութային ժառանգության, ինչպես նաև Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության մասին է», — ասվում է հայտարարության մեջ։
ANCA-ում ընդգծել են, որ ԵԱՀԿ ՄԽ բացակայության դեպքում «իրական բազմակողմ մոտեցումը և միջազգային միջնորդությունը ոչինչ չեն փոխարինի»: Իր հայտարարության մեջ կոմիտեն կոչ է արել ԵԱՀԿ-ին և ողջ միջազգային հանրությանը շարունակել մասնակցել այդ գործընթացին, պաշտպանել մարդու իրավունքներն ու մարդասիրական մանդատները, ինչպես նաև ակտիվորեն աշխատել տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, պատանդների ազատման և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
«Միայն մշտական, անկողմնակալ և սկզբունքային փոխգործակցությունը կարող է ապահովել Արցախի ժողովրդի արժանապատվությունն ու իրավունքները և հնարավոր դարձնել Հարավային Կովկասում իրական, տևական խաղաղության ձեռքբերումը», — նշված է հայտարարության մեջ: