Սամվել Կարապետյանն ապացուցել է, որ ունակ է իրագործել լուրջ ներդրումային ծրագրեր. Հայկ Ֆարմանյան

08 Սեպտեմբերի 2025, 20:15

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանն այս տարիների ընթացքում արձանագրել է հսկայական արդյունքներ և իր անցած ճանապարհով, փորձով ապացուցել է, որ ունակ է կյանքի կոչել լուրջ ներդրումային ծրագրեր: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը:

«Հայաստանում, Արցախում իրականացրած ներդրումային ծրագրերն ու բարեգործություններն արվել են շատ լուռ, ցավոք, շատերը տեղյակ չեն, թե ինչ մեծ ծավալի ներդրումներ, բարեգործություններ է արել Սամվել Կարապետյանը: Այդ արդյունքներն արձանագրելով, ես որպես ՀՀ քաղաքացի, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, հավատում եմ, որ նրա բոլոր նպատակները կյանքի կկոչվեն: Այդ նպատակները վերաբերում են Հայաստանի բոլոր ուղղություններին. արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն և այլն: Ցավոք, մեր բնակչության մի ստվար զանգված այսօր ապրում է շատ աղքատ վիճակում, աղքատության, գործազրկության ցուցանիշները կարծում եմ մի քանի անգամ ավել են, որովհետև մարդը երբ ստանում է սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ, նա համարվում է աղքատ, բայց այսօր նույնիսկ 200 000 դրամ աշխատավարձ ստացողը, ցավոք, մոտ է աղքատությանը: Սամվել Կարապետյանի այսօրվա ուղերձն այն է, որ առաջին հերթին տնտեսության մեջ տեղի են ունենալու լուրջ ներդրումներ և դրա արդյունքում մարդիկ ունենալու են բարեկեցություն»,- նշեց Հայկ Ֆարմանյանը:

Alpha News-ի հետ զրույցում «Մեր ձևով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանն անդրադառնում է նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի տնտեսական ակտիվության աճին, ԵԱՏՄ-ի առավելություններին, խոսում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացից, արդյոք իրատեսական է դա, թե ոչ: Ֆարմանյանը նշում է, որ որևէ այլ կազմակերպություն կամ երկիր Հայաստանին այնքան տնտեսական առավելություններ չի տա, քան ԵԱՏՄ-ն է տալիս: Նա նշում է, որ ԵՄ անդամ երկրների հետ արտահանման և ներմուծման տվյալները նվազել են: Ըստ Ֆարմանյանի՝ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, Հայաստանի տնտեսությունը կկանգնի փլուզման վտանգի առաջ:

Հայկ Ֆարմանյանը խոսում է նաև Հայաստանի տարածքով հնարավոր անցնող «Թրամփի ուղու» մասին, ընդգծում, որ թերահավատ է, որ այդ ուղին կարող է Հայաստանին բազմամիլիարդանոց ներդրումներ ապահովել:

«Կա եռակողմ հռչակագիր, որի մաս է կազմում Ադրբեջանը, այսինքն Ադրբեջանը փայատեր է դարձել այդ հռչակագրին: Այստեղ հարցեր են առաջանում. ՀՀ մաքսային մարմինները հսկողություն իրականացնելո՞ւ են, թե՞ ոչ, հստակ պատասխան չկա: Եթե ՀՀ սահմանապահ ու մաքսային ծառայությունները իրականացնելու են հսկողություն, ապա դա կհամարվի ուղի, չի հանդիսանա միջանցք ու եթե մենք կարողանանք գանձել ճանապարհային հարկ, տարանցիկ վճար, ենթակառուցվածքներ շահագործել, բնականաբար, Հայաստանը որոշակի օգուտներ կունենա, բայց եթե անգամ Հայաստանը 100 %-ով ունենա օգուտներ, դրանք լինելու են տարեկան 80-ից 100 մլն դոլար, այսինքն՝ էլի էդ բազմամիլիարդանոց օգուտներ մասին չէ խոսքը, իսկ եթե մաքսային ու սահմանային հսկողություն չկա, ուրեմն այն միջանցք է, ինչի պարագայում Հայաստանը չունի որևէ իրավազորություն»,- ասաց Հայկ Ֆարմանյանը:

Նա անդրադառնում է նաև Հայաստանի արտահանման ցուցանիշներին, որն ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2025թ. հունվարին նվազել է 40%-ով: Արտահանման ծավալի կրճատման մասին այսօր խոսել է նաև «Մեր ձևով» շարժման գաղափարական առաջնորդ Սամվել Կարապետյանը, ով եկեղեցուն սատարելու համար շուրջ 3 ամիս է՝ կալանավորված է: Նա մեկուսարանից նամակ է հրապարակել, որում գրել է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան՝ արտահանում: Մինչդեռ Կարապետյանը պնդում է, որ առկա է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար:
Ըստ Հայկ Ֆարմանյանի՝ Հայաստանը, որ հիմնականում ներմուծում է շինանյութ, էներգակիրներ, հագուստ, սննդամթերք և պատրաստի այլ արտադրանք, ունի ներուժ, որ այդ 4 մլրդ դոլարի ներմուծվող ապրանքատեսակներն արտադրվեն Հայաստանում:

«Մենք ունենք այդ վստահությունը և թող որևէ մեկը չկասկածի»,- շեշտեց Հայկ Ֆարմանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: