Թրամփի համար պատժամիջոցների մասին խոսակցությունները դիվանագիտական մանևրների գործիք են. Պյոտր Կոլչին
11 Սեպտեմբերի 2025, 21:15
Քաղաքագետ, ռազմական փորձագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «երկրորդ փուլ» հայտարարելուն:
«Թրամփը շատ նուրբ է խաղում կարգավորման թեմայի շուրջ՝ փորձելով ուժեղացնել իր դիրքերը, բայց, միևնույն ժամանակ, սաբոտաժի չենթարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Այս առնչությամբ մենք տեսնում ենք՝ ինչպես է նա կտրուկ փոխում իր մարտավարությունը՝ մերձեցման փորձերից անցնելով պատժամիջոցների պատրաստակամության մասին հայտարարություններին։ Բայց ընդհանուր առմամբ անցած ամիսները ցույց տվեցին, որ այս հայտարարությունները պետք է շատ զգուշորեն և ընթացիկ օրվա համատեքստում գնահատել։ Այժմ ԱՄՆ-ին կրկին անհրաժեշտ է հաստատել իր մասնակցությունը կարգավորման գործընթացին, Թրամփը դա անում է, մնացած առումներով դժվար է որևէ կառուցվածքայնություն գտնել Թրամփի պատժամիջոցային մոտեցման մեջ։ Այս առնչությամբ հետխորհրդային երկրների համար որևէ հետևանք կանխատեսելը հնարավոր չէ»,- ասել է Կոլչինը։
Փորձագետի խոսքով՝ նման գործողությունները կարող են ԱՄՆ-ի համար տհաճ հետևանքներ ունենալ։
«Առաջին հերթին, Թրամփին հետաքրքրում է Ռուսաստանը, և կրկին նրա համար սակագների, պատժամիջոցների մասին խոսակցությունները տեղեկատվական պայքարի և դիվանագիտական միջամտության գործիք են։ Հնդկաստանի հետ կապված իրավիճակը ցույց տվեց, որ նման գործողությունները միշտ չէ, որ ԱՄՆ-ին բերում են ցանկալի արդյունքի, և նույնիսկ հակառակը, ուստի այժմ պետք է սպասել, որ Թրամփն ավելի զգույշ կօգտագործի այս գործիքը՝ հասկանալով, որ դա ԱՄՆ-ի համար կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ»,- եզրափակել է Կոլչինը։