Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանից․ Դենիս Դենիսով
12 Սեպտեմբերի 2025, 22:20
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Կատարի ուղղությամբ Իսրայելի հարվածները, Լեհաստանում տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը, Երևանի և Բաքվի միջև Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Բաքու-Մոսկվա հարաբերությունների ճգնաժամը, ինչպես նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը:
Անդրադառնալով Կատարի ուղղությամբ Իսրայելի հարվածներին՝ փորձագետն ասել է․ «Բոլորը հիանալի հասկանում են այս հարվածի ուղերձը։ Ըստ էության, եթե ԱՄՆ-ը հստակ դիրքորոշում չհայտնի այս միջադեպի վերաբերյալ, դա կնշանակի, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի դաշնակից դաշնակից չէ: Միշտ կարելի է ենթադրել, որ որոշակի իրավիճակում կամ ցանկության դեպքում Իսրայելը կարող է հարված հասցնել մեկ այլ դաշնակցի՝ առանց ամերիկյան կողմի հետ խորհրդակցելու» ։
Քաղաքագետի խոսքով՝ Կատարի ուղղությամբ Իսրայելի հարվածները վկայում են գլոբալ միջազգային բեսպրեդելի մասին:
«Առանցքային խնդիրն այն է, որ տեղի է ունեցել ագրեսիայի գործողություն ինքնիշխան պետության դեմ՝ մեկ այլ պետության գաղտնի տվյալների հիման վրա։ Իսրայելը չմտածված է գործել։ Այս ամենը տանում է դեպի գլոբալ միջազգային բեսպրեդելի։ Իմ կարծիքով՝ առանցքային ասպեկտը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության վերաիմաստավորման և դրա համար ստեղծված կառույցների վերանայման հարցին վերադառնալն է»,- հավելել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է ունենալ չափազանց կարևոր շահեր այդ տարածաշրջանում։
«Ռուսաստանը տարածաշրջանի մաս է կազմում և չի պատրաստվում լքել այն։ Դժվար թե Մոսկվան այժմ նոր այլընտրանքային մոտեցում առաջարկի. նման նախաձեռնությունը կարող է զրոյացնել ողջ գործընթացը։ Կարգավորման առանցքային խնդիրը կողմերի մոտ քաղաքական կամքի բացակայությունն է։ Եթե այն լիներ, պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ։ Այսօր պայմանավորվեցին, երեք ժամից դիրքորոշումները կփոխվեն։ Ադրբեջանը շարունակաբար զիջումներ է ստանում Հայաստանից։ Խաղաղություն ստորագրելու խոստումների դիմաց Ալիևն առաջ է քաշում նոր պայմաններ, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ալիևի համար դա սկզբունքային է, Փաշինյանի համար՝ ցավալի, քանի որ նա պետք է պահպանի իր դիրքերը քաղաքականության մեջ և միաժամանակ փորձի կարգավորել հակամարտությունը։ Սակայն նրան չի հաջողվում համատեղել այս խնդիրները»,- նշել է Դենիսովը։
Անդրադառնալով Բաքու-Մոսկվա հարաբերությունների ճգնաժամին՝ քաղաքագետը նշել է, որ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի համար չափազանց դժվար կլինի։
«Կուտակված խնդիրները լուծում են պահանջում ամենաբարձր մակարդակով։ Խորհրդականների մակարդակով քննարկումներ են ընթանում, սակայն Մոսկվան և Բաքուն առայժմ սկզբունքային դիրքորոշումներ են որդեգրել։ Օրինակ, ՇՀԿ գագաթնաժողովի նախօրեին Ալիևը հարցազրույց էր տվել, որում խոսում էր «օկուպացիայի» մասին, ինչը ցավալի է Ռուսաստանի համար։ Հենց գագաթնաժողովի ժամանակ նա շնորհավորել է Պակիստանի նախագահին Հնդկաստանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, թեև հենց Հնդկաստանը պետք է համաձայնեցնի Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին։ Հարց է՝ արդյոք արդյունք կտա Ալիևի՝ հաղորդակցման նման ռազմավարությունը։
Առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի համար չափազանց դժվար կլինի։ Տարածաշրջանում միայն Թուրքիայի կամ Իսրայելի վրա հույս դնելն անհեռատեսություն է։ Ըստ ամենայնի, այս խնդիրը կհետաձգվի Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի՝ ավելի սուր հակամարտությունների ֆոնին։ Բայց կարգավորումը, որը բխում է երկու երկրների շահերից, միևնույն է, անխուսափելի է»,- ասել է Դենիսովը։
Փորձագետը մեկնաբանել է նաև Ռուսաստանի դեմ պատերազմին նախապատրաստվելու մասին եվրոպացի առաջնորդների հայտարարությունները։