Թողարկվել է տենոր Չարլզ Կաստրոնովոյի և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ալբոմը
15 Սեպտեմբերի 2025, 17:20
«Վերդի․ տեսարաններ և արիաներ» ալբոմը, որը ձայնագրել են սիցիլիական ծագումով ամերիկացի տենոր Չարլզ Կաստրոնովոն և աշխարհահռչակ հայ դիրիժոր, դաշնակահար և պրոդյուսեր Կոնստանտին Օրբելյանը՝ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ, սեպտեմբերի 6-ին թողարկվել է բոլոր երաժշտական հարթակներում, ինչպես նաև CD և վինիլային տարբերակներով։
«Ես շատ ուրախ եմ, որ աշխատել եմ իմ թանկագին ընկեր Կոնստանտին Օրբելյանի հետ, ով մեծ եռանդով և էներգիայով ղեկավարում էր Կաունասի հիանալի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը»,- գրել է Չարլզ Կաստրոնովոն սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը ներկայումս զբաղեցնում է Նյու Յորքի օպերայի (ԱՄՆ) գլխավոր և գեղարվեստական ղեկավարի, Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի (Լիտվա) գլխավոր դիրիժորի և «Իսրայել սիմֆոնիետա» կամերային նվագախմբի երաժշտական ղեկավարի պաշտոնները։
