Ապրիլի 24-ին հավանաբար կասեն՝ Ծիծեռնակաբերդի համալիրը պատրաստ չէ. Մարտիրոսյան

18 Սեպտեմբերի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի նպատակը Հայաստանը վերացնելն է։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Ստոկհոլմի հայ համայնքի ներկայացուցիչ Արփինե Մարտիրոսյանը։

«Նիկոլ Փաշինյանի լոգիկայով իր արածները շատ նորմալ են, ցավալի է, որ դրանք շատ նորմալ, լուռ ընդունվում են նաև մեր կողմից։ Նիկոլ Փաշինյանի հայատյաց քաղաքականության մեջ է մտնում օրհներգ փոխելը, Արցախը Ղարաբաղ սարքելը, արտիստներին ժողովրդի դեմ հանելը, ժողովրդին նրանց դեմ հանելը։ Փաշինյանի հիմնական նպատակը մեզ վիլայեթի դարձնելն է։ Բայց մենք չպիտի զարմանանք, որ այդպես է լինում, պետք է զարմանանք, որ հանդուրժում ենք»,- նշել է Մարտիրոսյանը։

Խոսելով Շվեդիայի հայ համայնքի դիրքորոշման մասին՝ նա նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ այնտեղ, մարդիկ երկու խմբի են բաժանվել։

«Շվեդիայի հայ համայնքը ևս լուռ է։ Մարդիկ ակցիաներ չեն կազմակերպում, մի մասը փորձում է համախմբվել եկեղեցու շուրջ, ինչը շատ լավ է։ Ովքեր երկար ժամանակ եկեղեցի չեն գնացել, սկսել են հաճախել պատարագներին, իսկ դա ինչ-որ բանի ցուցանիշ է։ Բայց, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հեռացրել է սփյուռքին Հայաստանից։ Մարդիկ երկու խմբի են բաժանվել, այսինքն, ինչ-որ նա արեց Հայաստանում, արեց նաև Սփյուռքում։ Հետևաբար, այսօր Սփյուռքին համախմբելը շատ-շատ դժվար է»,- եզրափակել է Մարտիրոսյանը։