ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր ձևաչափերը կարող են նշանակել հեռացում ԵԱՏՄ-ից. Քրիստինա Երմակ

22 Սեպտեմբերի 2025, 23:50

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգայնագետ Քրիստինա Երմակը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տեղեկությունը, որ Հայաստանի իշխանությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության հաղթանակի դեպքում կակտիվացնեն Եվրոպական միությանն անդամակցելու ջանքերը։

Փորձագետը նշել է՝ ելնելով Հայաստանի վարչապետի խոսքերից՝ տարածաշրջանային կապերը կլրացվեն եվրաատլանտյան գործընկերների հետ հարաբերությունների հաստատմամբ։

«Եթե եվրաինտեգրման մասին Փաշինյանի թեզը դիտարկենք առաջիկա ընտրությունների լույսի ներքո, ապա պետք է հաշվի առնել երկու ասպեկտ։ Առաջինն այն է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների կոնֆիգուրացիան չի փոխվել։ Այսինքն՝ պահպանվել է ապրիլի 4-ին հաստատված որոշակի ստատուս-քվոն, և չկա փոխգործակցության որակական ձև, որը կխոսեր հարաբերությունների ամրապնդման մասին, ինչպես նաև խոսք չկա եվրաատլանտյան կուրսից հեռանալու մասին։

Երկրորդ ասպեկտը կապված է ընդհանուր արտաքին քաղաքական գծի հետ։ Վերջին ամիսներին ուշադրությունը կենտրոնացած էր տարածաշրջանային հարցերի,Բաքվի ու Անկարայի հետ կապերի հաստատման վրա։ Փաշինյանի թեզն ընդգծում է, որ վերընտրվելու դեպքում արտաքին քաղաքականության օրակարգը շատ ավելի լայն է լինելու: Եվ սա ևս մեկ հիշեցում է, վերադարձ այն բանին, ինչը մի քանի ամիս առաջ ողողված էր տեղեկատվական դաշտում. արտաքին քաղաքական ոլորտում տարածաշրջանային կապերը կլրացվեն եվրաատլանտյան գործընկերների հետ կապերի հաստատմամբ»,- ասել է Երմակը։

Փորձագետը միաժամանակ նշել է, որ ԵՄ և ԵԱՏՄ ձևաչափերի համադրումն անհնար է։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փոխակերպմանը. ինչպես տեսնում ենք վերջին ամիսների և լայն հարթակներում առաջնորդների հաղորդակցությունից, երկու կողմերն էլ ընդգծում են գործընկերության կարևորությունը։ Սակայն Հայաստանում հասկանում են, որ ԵՄ և ԵԱՏՄ ձևաչափերի համադրումն անհնար է։ Այսօրվա դրությամբ, երբ գոյություն ունի ապրիլի 4-ին դրված կոնֆիգուրացիան, և դա գրեթե չի շարժվում, տնտեսական առումով Ռուսաստանի հետ հարաբերությունների իրական ծախսերի մասին խոսել չի կարելի։

Սակայն եթե հետագայում ԵՄ-ի հետ հարաբերությունները գործնական առումով նոր ձևաչափեր ձեռք բերեն, ապա դա կարող է խոսել ԵԱՏՄ-ից ավելի ակնհայտ հեռացման մասին: Ընդ որում, ամեն ինչ կախված կլինի նաև Եվրասիական տնտեսական միության գործընկեր երկրներից և Հայաստանի քաղաքականության նկատմամբ նրանց արձագանքից»,- եզրափակել է Երմակը։