Փարաքարի սպանությունը երկրում անտերության ու ամենաթողության հետևանք է. Վիգեն Հակոբյան

24 Սեպտեմբերի 2025, 14:20

Քաղաքականություն

Փարաքարում տեղի ունեցած սպանությունը երկրում անտերության ու ամենաթողության հետևանք է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությանը:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ սպանության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ դիտարկվում է վենդետայի տարբերակը: Ըստ նրա՝ Փաշինյանը կամ արդեն ինչ-որ բան գիտի նախաքննության արդյունքներից կամ էլ ուղղորդում է նախաքննական մարմնին, որպեսզի բացառի այս սպանությունների քաղաքական դրդապատճառը:

Հիշեցնենք՝ Ներքին գործերի նախարարությունն այսօր հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳ նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մյուս սպանվածը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, նա ծառայության մեջ չի եղել, Վալոդյա Գրիգորյանի ընկերն էր, իսկ վիրավորը Արծրուն Գալստյանն է, որը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։