Տիգրան Քեոսայան. Կյանք՝ նվիրված արվեստին

26 Սեպտեմբերի 2025, 22:00

Հայեր

Տիգրան Էդմոնդի Քեոսայանն անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար և տեսահոլովակների ռեժիսոր է, ում ստեղծագործական կենսագրությունը դարձել է խորհրդային, ռուսական և հայկական մշակույթի անբաժանելի մասը։

Ծնվել է 1966 թ․ Մոսկվայում։ Տիգրանը երկու լեգենդների՝ պաշտամունքային «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և հայ հանրության կողմից սիրված դերասանուհի Լաուրա Գևորգյանի որդին էր։ Չորս տարեկանում առաջին անգամ հայտնվել է էկրանին՝ «Ռուսական կայսրության թագը կամ Կրկին անորսալիները» ֆիլմում՝ նախանշելով իր ապագա կարիերան։

Դպրոցն ավարտելուց հետո՝ 1983 թ․, Տիգրանը վճռականորեն որոշեց գնալ հոր հետքերով և դառնալ ռեժիսոր։ Դեպի լեգենդար Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ճանապարհը հեշտ չէր, բայց համառությունն ու տաղանդն ակնհայտ էին։ 1990-ականներին նա Ֆյոդոր Բոնդարչուկի հետ դարձավ երաժշտական տեսահոլովակների և գովազդային ոլորտի առաջամարտիկներից մեկը՝ աշխատելով այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Իրինա Ալեգրովան, Լեոնիդ Ագուտինը, Միխայիլ Շուֆուտինսկին, Իգոր Սարուխանովը, Նատալյա Վետլիցկայան և այլք։

2007 թ․ Քեոսայանն սկսեց իր հեռուստատեսային կարիերան՝ դառնալով «РЕН ТВ»-ով հեռարձակվող «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» թոք-շոուի հաղորդավարը։ Նրա խարիզման, անմիջականությունն ու հումորի զգացումը նրան դարձրեցին էկրանի ճանաչելի ու սիրելի դեմքը։

Տիգրանը միշտ ջերմությամբ է խոսել Հայաստանի մասին, հիշել իր խորհրդային մանկությունն ու այցելությունները պատմական հայրենիք։ Նա կարևոր էր համարում լեզուն ու մշակույթը պահպանելը. նրա երեխաները ևս տիրապետում են հայերենին՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր։

Տիգրան Քեոսայանի հեռանալով՝ ավարտվեց կինոյի և հեռուստատեսության պատմության մի ամբողջ շրջան։ Նա թողեց ոչ միայն ֆիլմեր, հաղորդումներ և տեսահոլովակներ, այլև մի մարդու հիշատակ, ով կարողանում էր լինել վառ, սուր և իրական։ Նրա անունը հավերժ կմնա նրանց սրտերում, ովքեր ոգեշնչվել են նրա տաղանդով։

Հիմա եթերում