«Զանգեզուրի միջանցք» խոսույթն ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան
27 Սեպտեմբերի 2025, 20:26
Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարություններին։
«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում այս ամբիոնից օգտագործում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետեւ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նաև հայտնել է, որ տեսանելի ապագայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի լիարժեք նախադրյալներ է տեսնում։ «Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումները կրում են պարբերական բնույթ՝ վստահելիության շարունակաբար աճող մակարդակով։ Սա մի ձեռքբերում է, որ ես չափազանց բարձր եմ գնահատում»,- ասել է նա։