Տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը պետք է հետևել և գնահատել. Վլադիմիր Կիրեև

09 Հոկտեմբերի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որը տեղի կունենա Անկարայում:

Ըստ փորձագետի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ինտեգրացիոն գործընթացները սպառնալիք են Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի համար։

«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանական երեք գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Այս երեք երկրները վաղուց և արդյունավետ համագործակցում են հարցերի լայն պալիտրայի շուրջ։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ներկա հանդիպմանը քննարկվում են ամենատարբեր թեմաներ՝ մաքսային համագործակցությունից մինչև ներդրումների և տրանսպորտային հոսքերի ապահովում ինչպես տարածաշրջանի ներսում, այնպես էլ Չինաստանից և Հնդկաստանից դեպի Եվրոպա և Ռուսաստան անդրմայրցամաքային երթուղիների համար:

Նման համագործակցությունը փոխշահավետ է բոլոր կողմերի՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար։ Սակայն կարևոր է հաշվի առնել, որ հանդիպմանը առանցքային դեր է խաղում ռազմատեխնիկական համագործակցության հարցերի քննարկումը։ Ըստ էության, այդ փոխգործակցությունը Թուրքիայի ազդեցության ընդլայնման գործընթացի մի մասն է՝ ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում։ Դա ոչ թե ուղղված է երրորդ երկրների դեմ, այլ գործնականում այդ ինտեգրացիոն գործընթացները վտանգ են ներկայացնում տվյալ դաշինքում չընդգրկված տարածաշրջանի այլ պետությունների շահերի համար, առաջին հերթին Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի», — ասել է Կիրեևը:

Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը պետք է հետևել և առաջ քաշել սեփական այլընտրանքային ինտեգրացիոն նախագծերը:

«Եթե կարճաժամկետ հեռանկարում այդ գործոնն այդքան էլ նկատելի չէ, ապա 10-20 տարվա հորիզոնում Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի շահերի վրա ճնշումները միայն կուժեղանան։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուշադիր հետևել այդ գործընթացներին, դրանց համարժեք գնահատական տալ պետական, հասարակական և փորձագիտական մակարդակներով, ինչպես նաև առաջադրել սեփական այլընտրանքային ինտեգրացիոն նախագծերը՝ ի պատասխան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցության», — եզրափակել է Կիրեևը։