Ինչպե՞ս թոշակառուն հաղթահարի թանկացումները
10 Հոկտեմբերի 2025, 18:00
Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ֆիքսում է կառավարելի գնաճ։ Դա այն դեպքն է, երբ գնաճը թիրախային ցուցանիշի սահմաններում է։ Մինչդեռ միջինացված գնաճը միջին վիճակագրական քաղաքացու կյանքում ոչինչ չասող ցուցանիշ է։ Ի՞նչ է կատարվում սպառողական ապրանքների գների հետ։
Այս տարվա սեպտեմբերին տասներկուամսյա գնաճի ինդեքսը՝ ՍԳԻ-ն աճել է 3,7 %-ով: Մինչդեռ այս միջինացված ցուցանիշի բացվածքը ցույց է տալիս, որ գնաճը վերջին մեկ ամսում բավական արագացել է:
Ինչպես երևում է վերոնշյալ նկարում, թեև միջին գնաճը 3,7 % է, սակայն առանձին ապրանքախմբերի մասով պատկերն այլ է: Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում, օրինակ, գնաճը 5,8 % է, որը սակայն, իր հերթին առանձին ապրանքների բացվածքի պարագայում, մտահոգիչ պատկեր է ցուցադրում: Ինչպես տեսնում եք, արագացել է նաև կարևոր ծառայությունների թանկացումները (առողջապահություն՝ 3.5%, կրթություն՝ 8,3%, տրանսպորտ՝ 4,1 %):
Միայն սննդամթերքի 12-ամսյա գնաճը կազմել է 5,9 %: Այդ թվում՝ հացն, օրինակ, թանկացել է 5 %-ով: Հացի թանկացումը, եթե անգամ ամբոջությամբ գնի բարձրացմամբ չդրսևորվի, քաշի նվազումն ակնհայտ է բոլորին: Ալյուրը թանկացել է 7,2% -ով, միսը՝ 3,6 %: Ընդ որում, մսի դեպքում ևս միջինացված ցուցանիշ է ներկայացված. մսի առանձին տեսակների պարագայում թանկացումները տարբեր են, երբեմն՝ ավելի շատ:
Վերջին օրերին կտրուկ թանկացած կաթնամթերքի գները՝ պայմանավորված կաթնամթերքի տուփերի վրա QR կոդերի պարտադիր պահանջով, ինչն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից: Թանկացումների այլ պատճառները բազմազան են:
Դրանց թվում կարող ենք նշել դրամի որոշակի թուլացումը դոլարի նկատմամբ, հարկային քաղաքականության խստացումը, արդյունաբերության հետ կապված խնդիրները, որոշ ապրանքների դեպքում՝ արտաքին շուկաներից գանաճային ճնշումները:
Ցակացած պարագայում, անկախ պատճառներից թանկացումները կբարձրացնեն սպառողական զամբյուղի արժեքը։ Հիշենցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակի տյվլաներով սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 81681 դրամ, կենսաթոշակի միջին չափը՝ 49032 դրամ: Իսկ այս դեպքում ինչպե՞ս գոյատևի նախորդ տարվա համեմատ ավելի ցածր միջին կենսաթոշակ ստացող ՀՀ քաղաքացին։
Այս հարցի պատասխանն ունի իհարկե օրինակելի լուծումներ, որոնց մեկը եկամուտների համատարած ու պարբերաբար ինդեքսավորումն է՝ գնաճին համապատասխան, մինչդեռ այդպիսի օրինակելի լուծման ակնկալիքի համար այս պահին նախադրյալներ չկան: