Իշխանությունները հասկանում են՝ իրենց դիմաց լուրջ ֆիգուր է կանգնած․ Կարեն Քոչարյանը՝ Կարապետյանի մասին
15 Հոկտեմբերի 2025, 11:30
Իշխանությունները ջղաձգված են Սամվել Կարապետյանի թիմից։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Կարծում եմ՝ իշխանությունները բավականին ջղաձգված են Սամվել Կարապետյանի թիմից և անձամբ Սամվել Կարապետյանից, քանի որ հասկանում են՝ իրենց դիմաց բավականին լուրջ ֆիգուր է կանգնած։ Ֆիգուր, որը կարողանում է իրեն թույլ տալ ունենալ Ռոբերտ Ամստերդամի նման դատապաշտպան, իսկ թիմը կարողանում է իրենց տնտեսական ծրագրերի մեջ ներգրավել Տարոն Աճեմօղլուի նման տնտեսագետի»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ի տարբերություն դաշտում գործող ընդդիմադիր գործիչների՝ Սամվել Կարապետյանի վրա որևէ պիտակավորում չեն կարողանում դնել։
«Չեն կարողանում ասել նախկին, քանի որ այդ մարդը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, պաշտոն չի ունեցել, չեն կարողանում ասել՝ թալանել է, որովհետև այդ մարդը Հայաստանում չի աշխատել երբևէ, նա գումարը վաստակել է այլ երկրում, այստեղ միայն ծախսել է, ներդրումներ արել և այլն, և այլն։ Եվ այս առումով, կարծում եմ, իշխանությունն ունի բավականին լուրջ անհանգստություն, ինչը և բերում է նման ճնշումների, նույնիսկ կասեի՝ բռնաճնշումների»,- եզրափակել է Քոչարյանը։