ՌԴ բեռներ փոխադրող վարորդների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առջև
16 Հոկտեմբերի 2025, 11:07
ՌԴ օրենսդրական խստացումները ոչ վիզային երկրների քաղաքացիների մուտքի վերաբերյալ մի շարք խոչընդոտներ են ստեղծել Հայաստանի բեռնափոխադրող վարորդների համար։ Այսօր վարորդները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ Ռուսաստան մուտք գործելիս միգրացիոն խնդիրը լուծելու պահանջով։
Վարորդներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դժվարացավ ասել, թե հարցն ինչ ժամկետում կլուծվի։
«Տեղյակ ենք և զբաղվում ենք։ Սրանից ավելի ես պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան, որ ասեմ, մեր ու ձեր գործին կարող է խանգարել։ Բայց, հավատացեք, ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ում զբաղվում ենք էս հարցով»,- ասել է նախարարը։
Ըստ նրա՝ ինքն էլ է հասկանում, որ 90-օրյա ժամկետով սահմանափակումը բավարար չէ, որովհետև այդ օրերի մեծ մասը վարորդները կարող են միայն Լարսում անցկացնել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սկզբից Ռուսաստանում ուժի մեջ են մտել առավել խիստ միգրացիոն պահանջներ՝ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Այժմ օտարերկրացիները, որոնք միգրացիոն քարտում չեն նշել այցի նպատակը «աշխատանք», մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարող գումարային 90 օրից ավելի գտնվել ՌԴ տարածքում։
Այս փոփոխությունները հատկապես վերաբերում են բեռնատարների հայ վարորդներին. տասնյակ մարդիկ արդեն ստացել են Ռուսաստան մուտքի արգելքի մասին ծանուցումներ՝ 3-ից մինչև 10 տարի ժամկետով՝ թույլատրելի գտնվելու ժամկետը գերազանցելու համար