Բելգիայում «ԹՈՒՄՈ»-ի նոր կենտրոն կբացվի
17 Հոկտեմբերի 2025, 20:20
Բելգիայի Լիեժ քաղաքում, որը գտնվում է ֆրանսախոս Վալոնիա շրջանում, շուտով «ԹՈՒՄՈ» հայկական կրթական ցանցի մասնաճյուղ կբացվի: Այս մասին հայտնի է դարձել Բելգիայի թագուհի Մաթիլդայի՝ Երևանի «ԹՈՒՄՈ»-ի կենտրոն կատարած այցի ժամանակ:
Այցի ընթացքում Նորին Մեծությունը ծանոթացել է ուսուցման յուրահատուկ մոդելի հետ, փորձարկել «TUMObile» բջջային հարթակը և շփվել սովորողների հետ: Հանդիպման ավարտը վիրտուալ ճամփորդություն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկված հայկական հուշարձաններով:
Թագուհի Մաթիլդան Հայաստանում է եղել հոկտեմբերի 13-15-ին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով պաշտոնական ներկայացուցիչ: Լիեժում «ԹՈՒՄՈ» կենտրոնի բացումը կարևոր քայլ կլինի միջազգային կրթական ցանցի ընդլայնման գործում: