Երկու օր կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների

24 Հուլիսի 2023, 08:29

Հայեր

Երկուշաբթի և երեքշաբթի օրերին ժամը 12:00-ից կղողանջեն Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների։ Այս մասին տեղեկացնում է իրանագետ Տիգրան Դավուդյանը։

«Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի ողջունելի նախաձեռնությունը։ Վաղը և մյուս օրը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։  Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»։ 

Հիշեցնենք, որ  խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով,  ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: