Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկար ցանկում

18 Հոկտեմբերի 2025, 12:20

Մշակույթ

Ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկար ցանկում՝ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 30-ին «Մոսֆիլմ» կինոկոնցեռնում։

Այս տարի մրցույթն անցկացվում է 23 անվանակարգերում։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ընդգրկվել է 40 ֆիլմ։

Տիգրան Քեոսայանի «Պյոտր Սեմյոնիչի յոթ օրը» ֆիլմը նկարահանվել է նախքան ռեժիսորի՝ ծանր հիվանդանալն ու կոմայի մեջ ընկնելը։ Ֆիլմի սցենարը գրվել է Մարգարիտա Սիմոնյանի պատմվածքի հիման վրա

Գլխավոր հերոսն Ադլերի 70-ամյա բնակիչ Պյոտր Սեմյոնիչն է, որը տագնապալի լուր է ստանում. նրա մոտ թոքերի քաղցկեղի կասկած կա։ Ախտորոշման հստակեցումը՝ մեկ շաբաթ անց, և այդ ամբողջ ընթացքում նա ապրում է սպասման մեջ՝ խորասուզվելով հիշողությունների մեջ և հետևելով ներկային։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Կրասնոդարի երկրամասում։