Ե՛վ Հայաստանը, և՛ նախկին ԽՍՀՄ երկրները շահում են ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներից. Ալեքսեյ Մուխին
27 Հոկտեմբերի 2025, 22:50
Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ին տված հարցազրույցում գնահատել է վերջերս ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։
«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի դեմ սահմանվել է ավելի քան 30 հազար պատժամիջոց, կցանկանայի ասել, որ դա ոչ մի կերպ չի ազդի։ Պատժամիջոցներն, ընդհանրապես, տհաճ բան են։ Ինձ թվում է, որ այս փուլում այն երկրները, որոնք շարունակում են պատժամիջոցներ սահմանել, արագորեն շարժվում են դեպի ՌԴ ռազմական դոկտրինի այն դրույթների իրականացումը, որոնք նախատեսում են պատասխան ռազմավարական հարված։ Այսինքն, ցանկացած հաջորդ փաթեթ կարող է դառնալ casus belli։ Հասկանալի է, որ այժմ սահմանված պատժամիջոցները նույնպես կարելի է շրջանցել. դրա համար կպահանջվի ժամանակ և ռեսուրսներ։ Սակայն, ըստ երևույթին, հենց այդ նպատակն էլ հետապնդում են նախաձեռնող երկրները, որպեսզի Ռուսաստանն ուժեր ու միջոցներ ծախսի սահմանափակումները շրջանցելու վրա։ Ինչ-որ պահի Ռուսաստանի ղեկավարությանը դա կարող է ձանձրացնել, և նրանք կարող են համարել, որ նման գործողությունները սպառնում են երկրի գոյությանը՝ բոլոր հետևանքներով հանդերձ»,- նշել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով՝ Խորհրդային Միության նախկին հանրապետությունները զարգացնում են իրենց տնտեսության առանձին ուղղություններ, որոնք կապված են զուգահեռ ներմուծման հետ, և ցուցադրում են ցուցանիշների կայուն աճ։
«Հայաստանի համար առավել էական են երկրորդական պատժամիջոցները, որոնք կարող են ազդել առանձին անձանց կամ կառույցների վրա։ Բայց, ընդհանուր առմամբ Հայաստանը, մասամբ Վրաստանը, Ղազախստանը և նախկին ԽՍՀՄ մյուս երկրները հետաքրքրությամբ են ընկալում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, քանի որ դրանով գումար են վաստակում։ Բավական է նայել պատժամիջոցային ազդեցության արդյունքներին և կտեսնենք, որ այդ պետությունների տնտեսություններն աշխուժացել են, նկատվում է նույնիսկ որոշակի աճ։ Ահա, օրինակ, Ղազախստանը վերջերս հայտնել է տնտեսության 18% աճի մասին։ Ինչի՞ հաշվին։ Զուգահեռ ներմուծման, Ռուսաստանի կողմից տրամադրվող զեղչերի հաշվին և այլն։ Ահա այսպիսին է դառը ճշմարտությունը»,- եզրափակել է Ալեքսեյ Մուխինը։