Հայաստանը չունի կայուն տնտեսական աճ
30 Հոկտեմբերի 2025, 20:45
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական բարձր է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7,6 %։ Սա բավական լավ հիմք է՝ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վերանայելու, ինչն, ի դեպ, այսօր անում են վարկանիշային կազմակերպությունները։ Սակայն չկա լավատեսություն տնտեսության առողջացման մասին։
Ի՞նչ նկատի ունենք առողջացում ասելով։ Դա հասկանալու համար ներկայացնենք տնտեսական աճի կառուցվածքը։
Ըստ էության՝ տնտեսությունում այսօրվա աշխուժությանը շարունակում են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտները։ Բացասականը նրանում չէ, որ այս ոլորտներում աճ ունենք, այլ այն, որ տնտեսության առանցքային՝ արդյունաբերության ճյուղն է անկումային։
Տնտեսության մեկ այլ առանցքային՝ գուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն աճել են, ինչն ուրախալի է, սակայն մի փոքր ժամանակ է պետք՝ հասկանալու, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Օրինակ՝ գործ ունենք սեզոնային դրական միջավայրի հետ, թե գյուղատնտեսությունն իսկապես վերականգնվում է։ Չպետք է մոռանալ նաև, որ համեմատությունն իրականացվում է նախորդ՝ անկումային շրջանի հետ։ Ուստի գյուղատնտեսության մասով մի փոքր ավելի երկար ժամանակահատված է պետք, որ օբյեկտիվ գնահատական տրվի։
Փաստացի, այսօր տնտեսության աճն ապահովում են հավելյալ արժեք չստեղծող ուղղությունները։ Ի դեպ, դրա վկայություններից է նաև 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջատարների ցուցակը, որը գլխավորում է բջջային հեռախոսների ու սարքավորումների առքուվաճառքով զբաղվող ընկերությունը։ Սա տնտեսության կառուցվածքի հետ կապված խնդրի տիպիկ ցուցիչ է։
Ընդհանուր առմամբ, տնտեսական աճը կարևոր է, բայց ավելի կարևորը ոչ այնքան աճի բացարձակ ցուցանիշն է, որքան՝ դրա կայունությունը։ Ցանկացած պարագայում ֆիքսենք՝ տնտեսության կառուցվածքի լավարկում դեռ չունենք։ Մեր տնտեսությունն այսօր հիմնված է առուծախի ու ինչ-ինչ ազդեցություններով պայմանավորված աճերի վրա։ Երկարաժամկետ հավելյալ արժեքի ստեղծում, առայժմ չկա, ինչը մտահոգվելու առիթ է տալիս, որ առայժմ չենք ձևավորում հենց այդ կարևոր կայուն տնտեսական աճը։