ԵՄ 27 անդամ պետություն կա, Վրաստանի դեմ փաստաթուղթը կարող էր ընդունվել ոչ Երևանում. Անդրանիկ Հովհաննիսյան

04 Նոյեմբերի 2025, 19:35

Կարծիք | Քաղաքականություն

«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին հրապարակել է բանաձև, որտեղ կեղծված է որակվել Վրաստանի անցած տարվա խորհրդարանական ընտրությունները, կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը անվանվել է ինքնահռչակ իշխանություն, «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Թբիլիսիում խաղաղ բողոքի ակցիաների դաժան ճնշումը, ցուցարարների, լրագրողների, քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները՝ իշխանություններին կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ձեռնպահ են քվեարկել այս փաստաթղթին, իսկ ընդդիմությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ։

«Վրաստանի դիրքորոշումը այս հարցում օբյեկտիվ է։ Կարծում եմ՝ անթույլատրելի երևույթ է, երբ օտարերկրյա պետությունները, պետությունների ներկայացուցիչները, պառլամենտի ներկայացուցիչները փորձում են ներխուժել ներքաղաքական հարցերին։ Եթե Եվրամիությունը այդքան վճռորոշ է պահպանել մարդու իրավունքների հարցերը, ժողովրդավարությունը և այլն, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ 2020 թվականին ի վեր, երբ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, էլ չեմ նշում այն փաստը, որ մարդիկ ռեպրեսիաների են ենթարկվում մինչ օրս, այդ թվում նաև հոգևորականներ, Եվրամիությունը ոչ մի դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չի հայտնում։

Ավելին՝ երբ ընդդիմության ներկայացուցիչները փորձում են գնահատականներ ստանալ Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչներից, հետևյալ միտքն են լսում՝ իրենք իրավունք չունեն ներքաշվել հայերի ներքաղաքական հարցերին»,- նշել է Հովհաննիսյանը։

Միջազգայնագետի խոսքով՝ անընդունելի է, որ Հայաստանում է նմանատիպ փաստաթուղթ ընդունվել։

«Սա հետագայում կարող է բավականին բացասական ազդեցություն ունենալ Երևանի և Թբիլիսի հարաբերություններում։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն, անկախ նրանից, որ չեզոք դիրք են զբաղեցրել այդ փաստաթուղթն ընդունելու ժամանակ, ի սկզբանե չպետք է թույլ տային, որ այն ընդունվեր Հայաստանում։ Այսինքն՝ ի սկզբանե պետք է նշեին, որ կան բազմաթիվ պատճառներ, որ այդ թուղթը չպետք է ընդունվի հենց Երևանում։ Եթե ուզում եք, խնդրեմ, Եվրամիությունում 27 անդամ պետություն կա, ընդունեք նմանատիպ փաստաթղթերը հենց այնտեղ»,- եզրափակել է Հովհաննիսյանը։