Էրիկ Իսրայելյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Մոնրեալում
05 Նոյեմբերի 2025, 23:40
21-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը (3-0; 2 KO) շարունակում է իր հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում։ Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը Մոնրեալում նա հաղթել է 25-ամյա կանադացի Դիլան Շրեդերին (6-1; 4 KO)՝ մրցավարների մեծամասնության որոշմամբ՝ 40-36, 39-37 և 37-39 հաշվով։
Ավելի վաղ անպարտված Շրեդերի դեմ մենամարտը ստացվել է լարված և հավասար, սակայն Իսրայելյանին հաջողվել է պարտադրել իր ոճը և հաղթել չորս ռաունդների արդյունքում։
Էրիկի համար սա երրորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ մակարդակում, և բոլոր երեք մենամարտերն էլ նա անցկացրել է հենց 2025 թվականին՝ Մոնրեալում։
Ավելի վաղ Իսրայելյանը հաջողությամբ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կազմում սիրողական մակարդակում, իսկ այժմ վստահորեն շարունակում է իր կարիերան պրոֆեսիոնալների շրջանում։