Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստացույցը

26 Հուլիսի 2023, 12:54

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստացույցը. 

«Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետևյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները.

1. Այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով:

2. Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով:

3. Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը:

4. Կոչ ենք անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

5. Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն:

6. Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում: Այդ առումով մենք ցուցաբերում ենք համապատասխան նախաձեռնողականություն ու պատասխանատվություն մեր ունեցած սահմանափակ հնարավորությունների շրջանակներում:

7. Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առավելագույն ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի կատարման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ:

8. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական Միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի և այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ:

9. Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով:

10. Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները»,- ասված է Արցախի նախագահի ուղերձում։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահը հուլիսի 17-ին էր հայտարարել նստացույցին միանալու մասին։