Դա դավաճանություն է. Ֆրանց Կլինցևիչը՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին Ադրբեջանի բանակի անցման մասին

07 Նոյեմբերի 2025, 15:08

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ Դաշնության խորհրդի նախկին սենատոր Ֆրանց Կլինցևիչը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի բանակն անցում է կատարում ՆԱՏՕ-ի չափանիշներին։

«Այս ամենին կարելի է նայել որպես ակնհայտ դավաճանություն։ Այս երևույթները կապված են սխալների հետ, այդ թվում՝ այն սխալների, որոնք ժամանակին թույլ էր տալիս (Ուկրաինայի նախագահ) Յանուկովիչը։ Չի կարելի նստել երկու աթոռի վրա, իսկ Ալիևը փորձում է նստել երեքի վրա՝ և՛ ՆԱՏՕ, և՛ Թուրքիա, և՛ Ռուսաստան։ Չեմ ուզում ոչ ոքի վիրավորել։ Ռուսաստանը ծայրահեղ շահագրգռված է թե՛ Հայաստանով, թե՛ Ադրբեջանով. նրանք մեր հարևաններն են։ Մենք ունենք համատեղ ինստիտուտներ, որոնք թույլ են տալիս պետությանը բնականոն կերպով աշխատել և գործել։ Բացարձակապես համոզված եմ, որ գտնվելով արևմտյան հատուկ ծառայությունների ճնշման ներքո, նախագահ Ալիևը գերագնահատել է իր հնարավորությունները և ծայրահեղ լրջորեն թերագնահատում է Ռուսաստանի հնարավորությունները։ Սա դավաճանություն է»,- կարծում է Կլինցևիչը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները հանգեցնում են հեռուն գնացող հետևանքների։

«ՆԱՏՕ-ի չափանիշը ամերիկյան սպառազինություն է, իսկ դա նշանակում է, որ կհայտնվեն ամերիկյան բազաներ՝ ավիացիոն և ցամաքային։ Ահա թե ինչն է ինձ ամենաշատը անհանգստացնում»,- ընդգծել է փորձագետը։

Կլինցևիչը կարծում է, որ Ռուսաստանը լծակներ կգտնի Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա ազդելու համար, եթե նրա շահերն այնտեղ կասկածի տակ դրվեն։

«Ես ճանաչում եմ երկրի քաղաքական ղեկավարությանը։ Եվ հավատացեք, նրանք հնարավորություն կգտնեն պատասխանելու, եթե իրական սպառնալիք առաջանա և ազդեցություն լինի այս գործընթացի վրա։ Հետխորհրդային տարածքի փոքր երկրները հաճախ են կատարում այդ սխալները, բայց ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը։ Սա, առաջին հերթին, ոչ թե Ռուսաստանին, այլ հենց Ադրբեջանին ուղղված սպառնալիք է, քանի որ մենք շատ կոշտ կարձագանքենք ցանկացած իրական սպառնալիքի։

Չեմ կարծում, թե դրան կհասնենք»,- եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը։