Լավրովը խաղաղություն էր առաջարկում առանց նախապայմանների, իսկ Փաշինյանը վախենում էր իր կյանքի համար. Բայրամով

08 Նոյեմբերի 2025, 11:20

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում մանրամասներ է բացահայտել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական ​​շփումների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից կարճ ժամանակ առաջ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից հնչեցված առաջարկների մասին։

Բայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել է հակիրճ փաստաթուղթ, որով առաջարկվում էր հրադադար հաստատել առանց նախապայմանների և առանց նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս լրացուցիչ տարածքներ փոխանցելու: Այդ առաջարկի համաձայն՝ շփման գծի արևելյան հատվածում պետք է մնային ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական ստորաբաժանումները, իսկ արևմտյան հատվածում՝ հայկական զինված ուժերը ռուս խաղաղապահների հետ համատեղ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին մարտական ​​գործողությունների լիարժեք դադարեցման մասին համաձայնագիր։ Փաստաթուղթը նախատեսում էր, որ կողմերի կմնան իրենց զբաղեցրած դիրքերում, մինչև նոյեմբերի 20-ը Ակնայի շրջանը կփոխանցվի Ադրբեջանին, ինչպես նաև ռուս խաղաղապահներ կտեղակայվեն շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ հինգ տարի ժամկետով։ Համաձայնագրի շրջանակներում Հայաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին հանձնեց նաև Քարվաճառի, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի շրջանները։ Չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, հրադադարի ռեժիմը բազմիցս խախտվել է։ 2023 թվականի սեպտեմբերին, Արցախի 10-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի մնացած մասի վրա։

Բայրամովը պատմել է նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին շփման մասին, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում։ Այն ժամանակ Ալիևը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի, իսկ «ադրբեջանական հողերն ազատվեն»։ Բայրամովի խոսքով՝ Փաշինյանը կառուցողական դիրքորոշում է որդեգրել՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ և կոչ անելով դադարեցնել կրակոցները սահմանին։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ կապի գիծ կազմակերպելու վերաբերյալ՝ իրավիճակի սրման դեպքում օպերատիվ արձագանքման համար։

Սակայն արդեն 2019 թվականի մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ չի կարող լուծել և չի լուծի Ղարաբաղյան հակամարտության հարցը։ «Եթե դա անեմ, ինձ կսպանեն»,- որպես փաստարկ բերել է նա՝ հռետորական հարց ուղղելով Ալիևին։ Դրան ի պատասխան Ադրբեջանի նախագահն ասել է. «Ես ընդհանրապես ոչ մեկին մահ չեմ ցանկանում, բայց դա չի կարող արդարացում ծառայել ադրբեջանական հողերի շարունակվող օկուպացիայի համար»։

Հիմա եթերում