Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատգամավորն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
26 Հուլիսի 2023, 21:00
Լյուքսեմբուրգի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իվ Կրուխտենն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին պաշտոնյան գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։
«Այս սարսափելի իրավիճակը չափազանց երկար է տևում։ Անհապաղ բացեք Լաչինի միջանցքը»,- Ադրբեջանին դիմելով՝ նշել է նա։
Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: