«3+3» ձևաչափով Իրանն ուզում է մասնակից լինել բանակցային գործընթացին, սակայն Թուրքիայի համար այն այլևս ակտուալ չէ
26 Հուլիսի 2023, 18:18
Թեև «3+3» ձևաչափն այլևս Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետաքրքրության դաշտում չէ, սակայն Իրանը շարունակում է առաջարկել «3+3»-ի երկրորդ հանդիպում իրականացնել և իր տարածքում: Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է՝ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն ինքնուրույն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի չգործելուն զուգահեռ «3+3» ձևաչափը թուրք-ադրբեջանական տանդեմի համար կորցրել է իր ակտուալությունը, բայց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ իրանական կողմը կրկին հիշեցրել է այս ձևաչափի մասին:
Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ եղած այլ հարթակներում Իրանը ներգրավվածություն չունի, այդ է պատճառը, որ շահագրգռված այդ ձևաչափի կայացման հարցում:
«Այս հարթակը Իրանի համար կարևոր է, քանի որ կարծում է՝ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների օգնությամբ: Նրանք ցանկանում են, որ լինի հարթակ, որտեղ իրենք ևս ներգրավված կլինեն և կպաշտպանեն սեփական շահերը»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Թեհրանում էր իրանական կողմի նախաձեռնությամբ: Հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Իրանը վերահաստատել է՝ դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը և պնդել, որ Ադրբեջանը չի կարող Զանգեզուրով միջանցք ստանալ:
Այս հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական մամուլի հաղորդագրության բովանդակությունից բացի՝ իրանագետը կարծում է, որ հիմնական նպատակը երկկողմ հետաքրքությունների շրջանակը ճշտելն էր:
«Իրանական կողմը ցանկանում էր ծանոթանալ բանակցային գործընթացին: Հայկական կողմն էլ իր հերթին ցանկանում էր հասկանալ, թե որն է իրանական կողմի դիրքորոշումը: Սա երկկողմ տեղեկատվության փոխանակման նպատակով իրականացված այց էր»,- շեշտել է Ժաննա Վարդանյանը:
ԻԻՀ նախագահ Ռայիսին վերահաստատել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Իրանագետի վերլուծությամբ՝ եթե բանակցությունները չեն լինում տարածաշրջանային ձևաչափով, ապա Իրանի համար ընդունելի է առնվազն, որ դրանք ընթանան ռուսական միջնորդությամբ: Արևմուտքի ներգրավվածությունը Թեհրանի համար ընդունելի չէ:
Հիշեցնենք՝ «Վեց երկրների հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թվականին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ հարցը նա քննարկել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, սակայն այժմ միայն Իրանն է խոսում այս ձևաչափի մասին: «3+3»-ից ի սկզբանե հրաժարվել էր Վրաստանը, իսկ տարածաշրջանի մյուս երկրներն այս հարթակում հանդիպել են միայն մեկ անգամ՝ 2021-ի դեկտեմբերի 10-ին։ Այդ ժամանակ քաղաքագետները վերլուծել էին, որ եթե այդ ձևաչափը գոյություն ունենա, ապա միևնույն է՝ դե ֆակտո ոչնչի չի ծառայի, քանի որ 6 երկրների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև բոլորովին հակադարձ բևեռներում են:
Մանրամասները՝ տեսանյութում: