Արատավորել եկեղեցին՝ նշանակում է խախտել Սահմանադրությունը. Տ. Քերովբե քահանա Բարսեղյան

10 Նոյեմբերի 2025, 18:50

Քաղաքականություն

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարի քահանա Տ. Քերովբե Բարսեղյանը անդրադարձել է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, որոնք արատավորում են հոգևորականներին և նրանց անձնական կյանքը:

Նա նշել է, որ ոչ ոք՝ ոչ պաշտոնյան, ոչ քաղաքացին, իրավունք չունի սևացնելու ուրիշի բարի անունը։

«Այս հարցին պետք է մոտենալ երկու կողմից՝ բարոյական և իրավական։ Եվ՛ մեկի, և՛ մյուսի տեսանկյունից պատասխանը միանշանակ է, որ ոչ ոք՝ լինի դա իշխանության ներկայացուցիչ, թե հասարակ քաղաքացի, իրավունք չունի վիրավորելու, նվաստացնելու կամ արատավորելու այլ մարդու բարի անունը։ Բարոյական տեսանկյունից Սուրբ Գիրքը հստակ ասում է՝ «Նախ քո աչքի միջի գերանը հանիր,և հետո պարզ կտենես, թե ինչպես կարող ես եղբորդ աչքի միջի շյուղը հանել»: Սա հիշեցում է յուրաքանչյուրին, որ նախ ինքներս մեզ նայենք, ապա ուրիշներին դատենք»,- նշել է քահանան։

Ըստ նրա՝ իրավական տեսանկյունից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխի 31-րդ հոդվածն ուղղակիորեն մատնանշում է, որ յուրաքանչյուր մարդ ունի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք, և ոչ ոք չի կարող ոտնձգություն կատարել նրա պատվի, արժանապատվության կամ բարի անվան դեմ։ Նմանատիպ նորմ է պարունակվում նաև ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 17-րդ հոդվածում, որտեղ ասվում է՝ ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական կամ անօրինական միջամտության իր անձնական կյանքի։

Քահանան նաև մեկնաբանել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե Հայ Առաքելական եկեղեցին այսօր Կաթողիկոս չունի։

«Այս պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը։ 17-րդ հոդվածն ասում է, որ այն ազգային Եկեղեցի է, իսկ 18-րդ հոդվածը սահմանում է, որ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայ Առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, այն ունի հատուկ ազգային նշանակություն։ Ըստ գործող օրենսդրության՝ պետությունը ճանաչում է նրա ինքնավարությունը և ինքնակառավարման իրավունքը։ Սա նշանակում է, որ ոչ մի պետական մարմին իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, ներառյալ Կաթողիկոսի ընտրության և եկեղեցական կյանքի կառավարման հարցերը։ Ուստի, նման հայտարարությունները ոչ միայն զուրկ են իրավական հիմքից, այլև հակասում են Սահմանադրությանը։ Դրանք անհեթեթ և անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, որտեղ կրոնական ինստիտուտների նկատմամբ հարգանքը պետք է նորմա լինի»,- ընդգծել է Քերովբե Բարսեղյանը։

Հիմա եթերում