ԱՀԾ հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում. Պեսկովը` ՀՀ ցորեն մատակարարելու մասին
12 Նոյեմբերի 2025, 13:38
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունները երբեք մերկապարանոց չեն լինում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությանը, թե Երևանը հրաժարվում է ռուսական հացահատիկից:
ԱՀԾ-ն հայտարարել է, որ «Հայաստանը քաղաքական նկատառումներով ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով հացահատիկի մի մասը Կիևից»։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունեն։ «Դուք գիտեք, որ բարձր մակարդակով հաճախակի շփումներ են իրականացվում։ Մենք երկկողմ համագործակցության օրակարգում բազմաթիվ հարցեր ունենք։ Հուսով ենք՝ այս համագործակցությունը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։