Նախ պետք է տնտեսական անվտանգությունը ապահովել, հետո նոր բացել Թուրքիայի հետ դարպասը. Վահե Դավթյան

Թեև ՀՀ իշխանությունը ջանք է գործադրում Մարգարայի կամուրջի վերաբացելու ուղղությամբ, սակայն մասնագետները համոզված են, որ այդ քայլը որևէ օգուտ չի կարող տալ Հայաստանին և հատկապես, ՀՀ տնտեսությանը:

Մարգարայի կամուրջի բացումը տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում միակ գործընթացն է, որտեղ քայլեր են ձեռնարկվում,- Alpha News-ի հետ զրույցում ասում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:

«Դա վկայում է այն մասին, որ ապաշրջափակման խնդիրներին կողմերը չեն դրսևորում համալիր մոտեցում, այլապես դրան զուգահեռ օրակարգ կբերվեր Կարս-Գյումրի երկաթգծի հարցը»,- ընդգծում է Դավթյանը:

Նա նշում է, որ Կարս-Գյումրի երկաթծգի վերագործարկման պարագայում, արդեն հնարավոր կլիներ խոսել տնտեսական արդյունքների մասին: Վահե Դավթյանը միևնույն ժամանակ հավելում է՝ Անկարան իրականացնում է Կարս-Իգդիր երկաթուղու շինարարություն՝ որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակություն՝ նպատակ հետապնդելով այդ տրանսպորտային հանգույցը ավարտել «Զանգեզուրի միջանցքով»: Այս հանգամանքով պայմանավորված Կարս-Գյումրի երկաթուղին արդեն իսկ կորցնում է իր նշանակությունը որպես տարանցիկ ճանապարհ:

Անդրադառնալով Մարգարայի կամուրջի տնտեսական նշանակության թեմային՝ Դավթյանն ընդգծում է, որ այն խիստ սահմանափակ թողունակությամբ ենթակառուցվածք է:

«Այն միակողմանի երթևեկությամբ կամուրջ է, ինչպես հայտնի է, անգամ կառավարության ներկայացուցիչներն են խոսում, որ ապագայում ըստ անհրաժեշտության՝ նոր կամուրջ պետք է կառուցվի»,- նկատում է Վահե Դավթյանը:

Նա ընդգծում է, որ կամրջի բացումը առավելապես քաղաքական նշանակություն ունի և այդ նախաձեռնությունը ՀՀ իշխանություններին է պատկանում, որոնք ուզում են ցույց տալ իրենց պատրաստակամությունը հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում՝ չունենալով Թուրքիայի կողմից որևէ ազդակ»,- ասում է Դավթյանը:

Նա հիշեցնում է, որ դեռ մայիսին Թուրքիան փակել էր իր օդային տարածքը Հայաստանի համար: Ըստ Վահե Դավթյանի՝ նախ Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեին, ապա նոր միայն կարելի էր գնալ ճանապարհների ապաշրջափակման, կամուրջների վերաբացման և ենթակառուցվածքային այլ հարցերի լուծմանը: «Կարծում եմ, որ տրամաբանությունը շատ խեղված է»,- արձանագրում է Վահե Դավթյանը:

Նա ընդծում է, որ Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին: Դեռ ավելին՝ Թուրքիայի տնտեսությունն է ծանր դրության մեջ: «Թուրքիան կվարի ագրեսիվ տնտեսական քաղաքականություն՝ կլանելով առանց այդ էլ թույլ հայկական շուկան»,- բացատրում է Դավթյանը և հավելում, որ թիրախում հայտնվելու է նախ մեր գյուղատնտեսությունը:

Վահե Դավթյանը եզրափակում է՝  պետք է զարգացնել նախ տնտեսական անվտանգության ինտիտուտները, հետո նոր մտածել դարպասները բացելու մասին:

Հիմա եթերում