Մանրամասներ անմիջապես «Պարոն Ազնավուրը» ֆիլմի նկարահանման հրապարակից. Alpha News-ի հետ զրուցել է շանսոնյեի ընկերը

27 Հուլիսի 2023, 22:08

Հայեր | Մշակույթ

10 մլն եվրո բյուջեով «Պարոն Ազնավուրը» գեղարվեստական ֆիլմը խոստանում է ցնցել համաշխարհային կինեմատոգրաֆը: Փարիզից՝ անմիջապես նկարահանման հրապարակից Alpha News-ի հետ զրուցել է շանսոնյեի ընկերը՝ ֆրանսահայ դերասան Ժան Էկյանը:

Լեգենդար Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է «Պարոն Ազնավուրը» ֆիլմը, որի նկարահանումներն արդեն երկու ամիս է՝ սկսվել են և կտևեն մինչև սեպտեմբեր: Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2024 թվականի հոկտեմբերին:

«Շառլին կերպավորող Տահար Ռահիմը ամբողջովին մտել է իր դերի հոգու և երակների մեջ: Դրվագներ կան, որտեղ նկարահանման հրապարակում հույզերի տեղատարափ է: Վստահեցնում եմ, որ այս ֆիլմը բացառիկ հաջողություն է ունենալու և ցնցելու է համաշխարհային կինեմատոգրաֆը»,- պատմել է Ազնավուրի ընկերը, որը թեև դեր չունի այս ֆիլմում, բայց ավագի իրավունքով հետևում է փարիզյան նկարահանումներին:

Նկարահանումներ եղել են նաև Նորմանդիայում, Ալպեր-Լազուրյան ափում: Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արդեն անմահացել է Շառլ Ազնավուրի և նրա 3-րդ կնոջ՝ Ուլլա Տորսելի պսակադրության արարողության դրվագը: Ուլլայի հետ Շառլն ապրեց մինչև իր կյանքի վերջ, ունեցան 3 զավակ՝ Միշա, Կատյա, Նիկոլա: Հենց կրտսեր որդին՝ Նիկոլան էլ այժմ Հայաստանում իր կնոջ հետ ղեկավարում է «Ազնավուր» հիմնադրամը:

«Պսակադրության դրվագը ցնցող էր: Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերները հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք, ճշտում յուրաքանչյուր դետալ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես եղել է իրականում»,- պատմել է Ժան Էկյանը ականատեսի աչքով:

Չակերտները բացելով՝ Ազնավուրի ընկերը Alpha News-ին տեղեկացրել է նաև, որ երաժշտական ֆիլմում ներառվել են նաև «Երբ ես ինձ տեսնում էի…» (Je me voyais déjà), «Երբեք չես իմանա» (On ne sait jamais) երգերը, որոնք շանսոնյեի կյանքում մեծ դեր խաղացած ստեղծագործություններից են:

Տահար Ռահիմը սափրել է գլուխը, որպեսզի հեշտությամբ կարողանա կեղծամներ կրել, ձևափոխել են նրա հոնքերը: Նա ամիսներ շարունակ վոկալի և դաշնամուրի դասընթացների է մասնակցել, որ արժանվույնս կարողանա ներկայացնել Ազնավուրին:

Ժան Էկյանը հիշել է նաև, թե ինչպես է ծանոթացել Ազնավուրի հետ, երբ 18 տարեկան էր, իսկ Շառլը՝ 43: Այդ հանդիպումը նրա համար ճակատագրական է եղել:

«Հայրս Ազնավուրի մոր՝ Քնար Ազնավուրի հետ միասին Ֆրանսիայի հայկական թատրոնում էր աշխատում: Ես երազում էի դերասան դառնալ: Մի օր եկա Paris Studio Cinema, միջանցքում պատահաբար Ազնավուրին տեսա: Երբ իմացավ, թե ով եմ և որն է ցանկությունս, ինձ ձեռք մեկնեց, որ մեծ կինո մտնեմ»,- պատմել է Ժան Էկյանը և ընդգծել, որ հենց այդպես ստացավ իր առաջին դերը կինոաշխարհում: Էպիզոդիկ դեր ունեցավ «Փարիզը՝ օգոստոսին» (Paris au mois d’août) ֆիլմում և Ազնավուրի հետ հայտնվեց միևնույն նկարահանման հրապարակում:

Ֆիլմի դերասանական կազմում է նաև Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը: Հենց նա էլ մարմնավորում է Ազնավուրի մորը:

Հիշեցնենք, որ մեծ արտիստին կերպավորում է 41-ամյա Տահար Ռահիմը (Tahar Rahim : Դերասանը հայ հանրությանը հայտնի է դարձել 2009-ին Ֆաթիե Աքինի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» ֆիլմից, որը ստացել է Կանի կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակ և 9 «Սեզար»: Ռեժիսորները Մեհդի Իդիրն ու հանրահայտ Grand Corps Malade-ն են:
Ֆիլմի համապրոդյուսերը Ժան-Ռաշիդ Կալուշն է, որը Ազնավուրի կրտսեր դստեր՝ Կատիայի ամուսինն է: Դեռ ամիսներ առաջ նա ֆրանսիական մամուլին պատմել է, որ 2018-ին, երբ շանսոնյեին տեղեկացրել է, նրա կյանքի մասին ֆիլմ նկարահանելու իր մտադրության մասին, ստացել է շանսոնյեի համաձայնությունը, որ հենց Տահար Ռահիմը իրեն ներկայացնի:
Ազնավուրի գաղափարն է եղել, որ ֆիլմում հիմնականում տեղ գտնեն նրա կարիերայի սկզբնական շրջանի իրադարձությունները՝ ոչնչից մինչև փառք: