Ադրբեջանը երբեք Ռուսաստանի համար բարեկամական երկիր չի եղել. Բոգդան Բեզպալկո

19 Նոյեմբերի 2025, 22:45

Քաղաքականություն

Քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն մեկնաբանել է պաշտոնական Բաքվի հայտարարությունները՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատան տարածքի վրա ուկրաինական ՀՕՊ համակարգի բեկորների ընկնելու ֆոնին, և բնութագրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը։

«Ադրբեջանը երբեք բարեկամական երկիր չի եղել Ռուսաստանի համար: Նրա հետ մեր հարաբերությունները կառուցել ենք երկկողմ հիմքի վրա: Ադրբեջանը չի մտնում ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի, ո՛չ էլ Միութենական պետության կազմի մեջ: Մենք առևտրով էինք զբաղվում և գերադասում էինք բարիդրացիական հարաբերություններ, բայց այժմ դրանք սրվել են և մտել են փակուղի, այդ հարաբերությունները կարելի է անվանել թշնամական։

Մյուս կողմից, ես մեծ նշանակություն չէի տա Կիևում ադրբեջանական դեսպանատանը վնասած կամ դրա մոտ ընկած հրթիռի վերաբերյալ հայտարարություններին։ Եթե Ռուսաստանը ցանկանար հարվածել ադրբեջանական դեսպանատանը, ապա, հավատացե՛ք, այնտեղ կընկներ ոչ թե մեկ, այլ մի քանի հրթիռ, և դա կլիներ ինչ-որ մտադրությունների որոշակի ցուցադրում»,- ասել է քաղաքագետը:

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ ադրբեջանական կողմն օգտվել է թվացյալ առիթից՝ ռուսական կողմին ցավեցնելու համար, մինչդեռ դեսպանատանը հասցված վնասի մասշտաբն աննշան է:

«Դեսպանի կանչը և նրան նոտա հանձնելը սովորական ընթացակարգ է միջազգային հարաբերությունների և ցանկացած արտաքին գործերի նախարարության շրջանակներում։ Նրանք պարտավոր են այդպես արձագանքել։ Ես շատ ավելի մեծ նշանակություն կտայի այն փաստին, որ մինչ օրս Ադրբեջանում կալանքի տակ են գտնվում ՌԴ քաղաքացիներ, որոնց կալանքի ժամկետը երկարացվել է։ Ես ավելի շատ կանհանգստանայի այդ քաղաքացիների, նրանց առողջության և սնվելու մասին, այցելո՞ւմ են արդյոք նրանց մեր դիվանագետները։ Իսկ այն, որ այնտեղ զենիթային հրթիռ է ընկել, ամենայն հավանականությամբ ուկրաինական՝ Patriot համակարգից, դեսպանատանը մոտ կամ նույնիսկ դեսպանատան վրա, օգտագործվել է որպես առիթ՝ նոտա հանձնելու, ձևական միջազգային հարաբերությունների շրջանակներում մի փոքր սրացում մտցնելու համար։

Այսօրվա տուրբուլենտ աշխարհի շրջանակներում դա գերբնական բան չի թվում։ Ոչ ոք չի զոհվել, չկա ոչ մի լայնածավալ նյութական վնաս։ Գուցե երկու մեքենա է այրվել, բայց, ամենայն հավանականությամբ, այդ երկու մեքենան ապահովագրված էին»,- ամփոփել է փորձագետը: