Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները խորացնում են համագործակցությունը

19 Նոյեմբերի 2025, 17:50

Հայեր

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ընդունել է Իրանի ֆինանսների նախարարության տնտեսական հարցերի փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրային հոսքերի դյուրացման, մաքսային հսկողության կատարելագործման և համագործակցության ընդլայնման հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Կողմերը առանձնահատուկ ուշադրություն են դարձրել նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի ներդրմանը, ինչպես նաև «Պարզեցված մաքսային միջանցքի» նախագծին, որը նպատակ ունի ստեղծել առավել բարենպաստ պայմաններ օրինապահ տնտեսվարողների համար։ Քննարկվել է նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման գործընթացի մեկնարկը։ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում աճել է բեռնատարների թողունակությունը և երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, իսկ առաջիկա տարում սահմանը նախատեսվում է ամբողջությամբ վերազինել նոր տեխնիկայով։

Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին ընդգծել է «Նորդուզ»-«Ագարակ» անցակետի ռազմավարական նշանակությունը և բարեփոխումների դրական ազդեցությունը ուղևորների համար։ Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համապատասխան արձանագրություն՝ վերահաստատելով համագործակցության խորացման պատրաստակամությունը։