ԱՄՆ-ը և Ադրբեջանը ռազմավարական համագործակցության նոր հարթակ են ստեղծում
20 Նոյեմբերի 2025, 15:55
Բաքու կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը հայտարարել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև նոր ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կառույցը կգլխավորի պետքարտուղարի մեկ այլ տեղակալ՝ Սոնատա Քոուլթերը:
Հուքերը նշել է, որ իր առաջին այցն Ադրբեջան համընկել է կարևոր փուլի՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ:
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են համագործակցության առանցքային ուղղությունները՝ առևտուրը, էներգետիկան, անվտանգությունը, տարածաշրջանային ինտեգրումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության խթանումը:
Հուքերն ընդգծել է, որ նախաձեռնությունը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժողովուրդների համար և կիրականացվի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի ղեկավարությամբ: