Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Վենեսուելայում
22 Նոյեմբերի 2025, 14:22
Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանը կարիերան կշարունակի Վենեսուելայում։ 30-ամյա պաշտպանը պայմանագիր է ստորագրել Կարակասի «Spartans Distrito Capital» ակումբի հետ։
Մկրտչյանի նախորդ ակումբը Ուրուգվայի «Բիգուա դե Վիլյա Բիարիցն» էր։ Նրա թիմը Ուրուգվայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը։
«Spartans Distrito Capital» ակումբը հիմնադրվել է 2019 թվականին, իսկ արդեն 2020 թվականին դարձել է Վենեսուելայի չեմպիոն։ Սփայթ Մկրտչյանի միանալը պետք է ուժեղացնի թիմի պաշտպանությունը և նրան փորձ հաղորդի միջազգային մրցաշարերում։
Իր հարուստ կարիերայի ընթացքում հայ բասկետբոլիստը հասցրել է հանդես գալ ԱՄՆ-ում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Ուրուգվայում և այժմ կփորձի իր ուժերը վենեսուելական լիգայում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Սփայթ Մկրտչյանը Հայաստանի հավաքականի հետ հանդես կգա «Եվրոբասկետ-2029» ընտրական փուլի առաջին տուրում Բուլղարիայի դեմ խաղում։