TRIPP-ը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

24 Նոյեմբերի 2025, 19:38

Քաղաքականություն

«Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը, որը հայտարարվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով, նոր հեռանկարներ է բացում ողջ տարածաշրջանի համար և կնպաստի «Միջին միջանցքի» ամրապնդմանը։

«Սպուտնիկ Վրաստան»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Սա կարևոր է մրցակցության զարգացման, ինչպես նաև փոխադրողներին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, և այսպիսով մեր միջանցքը (Միջին միջանցքը — խմբ.) էլ ավելի գրավիչ կդառնա։ Մրցակցությունը միայն կուժեղացնի այն»,- ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում ևս մեկ երթուղու առկայությունը վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կգրավի ավելի շատ ներդրումներ։ «Սա ինքնին տարածաշրջանի կայունության ազդանշան է, որը կնպաստի բոլոր մյուս տեսակի ներդրումների ընդլայնմանը, ինչպես միջանցքի շուրջ ենթակառուցվածքներում, այնպես էլ տարածաշրջանի տարբեր ոլորտներում ընդհանուր ներդրումների առումով։ Հետևաբար, մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»,- նշել է Պապուաշվիլին։